Քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ հույս ունեմ՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն․ Արտակ Բեգլարյան
11:50 - 23 դեկտեմբերի, 2020

Քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ հույս ունեմ՝ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն․ Արտակ Բեգլարյան

Մեր հաշվարկներով՝ մինչեւ 40 հազար անձ անօթեւան է մնացել միայն ռազմական գործողությունների ու քաղաքական պայմանավորվածության հետեւանքով օկուպացված  տարածքների պատճառով, որոնց զգալի մասն արդեն Արցախում է․ նրանք ունեն շատ լուրջ կարիքներ, առաջնահերթ՝ կացարանի խնդիր։ Այս մասին իր ամփոփիչ ասուլիսում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, որը երեկ հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ Արցախի գործադիր իշխանությունում նոր աշխատանքի անցնելու համար։


Բեգլարյանը հայտնեց, որ պետք է լուծել անօթեւան մնացած անձանց՝ դեռեւս ժամանակավոր կացարանի հարցը․ «Այստեղ կառավարման խնդիրներն ակնհայտորեն քիչ չեն, որից հետո արդեն երկարաժամկետ ծրագրերով պետք է լուծել բնակարանների հարցը»։


Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ քրոնիկ անտեսված է պատերազմյան ու հետպատերազմյան տռավմաների հաղթահարումը․ 


«Մեզ մոտ սոցիալ-հոգեբանական շատ լուրջ խնդիրներ կան, ուղիղ առումով տուժած անձանց մոտ՝ զոհերի հարազատների, վիրավորների, նրանց հարազատների, կորածների ու գերիների հարազատաների, վերադարձած գերիների, եւ, ընդհանրապես, պատերազմական գործողություններին առնչված անձանց մոտ, եւ հատկապես երեխաների։ Սա նշանակում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ ունեն շատ լուրջ հոգեբանական խնդիրներ, ինչը երկարաժամկետ առումով հանրային առողջության վրա բացասականորեն ազդոց համակարգ է»,- ասաց Բեգլարյանը՝ նշելով, որ անհրաժեշտ է, որ պետական կառավարման ներքո եւ հասարակական սեկտորի էական ընդգրկվածության միջոցով շատ արագ ինստիտուցիոնալ մեխանիզմներ ձեւավորվեն՝ հոգեբանական տռավմաները կառավարելու կամ վերացնելու ուղղությամբ։ Նա հույս հայտնեց, որ առաջիկայում կոնկրետ լուծումներ կլինեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել