«Անդրկովկաս. հայկական երկընտրանք». Լիտվայի նախկին վարչապետի հոդվածը
17:14 - 22 դեկտեմբերի, 2020

«Անդրկովկաս. հայկական երկընտրանք». Լիտվայի նախկին վարչապետի հոդվածը

Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը հրապարակել է «Անդրկովկաս. հայկական երկընտրանք» վերտառությամբ մի հոդված, որտեղ վերլուծում է Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառներն ու հետևանքները, ներկայացնում է Հայաստանի ապագայի նոր ռազմավարության իր պատկերացումները, ինչպես նաև անդրադառնում ԵՄ-Հայաստան հարաբերություններին՝ ներկայացնելով իր տեսակետն առ այն, թե ինչ դեր կարող է ունենալ Եվրամիությունը Հայաստանի ապագայի հարցում։

Ստորև ներկայացնում ենք Կուբիլիուսի հոդվածն՝ ամբողջությամբ։

Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմն ավարտվել է, և ճշգրիտ հաղթողի վերաբերյալ շատ կարծիքներ կան: Ոմանք պնդում են, որ հաղթել է Ադրբեջանը, մյուսներն այն համոզման են, որ ամենաշատ շահույթը ստացել է Պուտինը: Մինչդեռ ես և որոշ փորձագետներ կարծում ենք, որ իրական հաղթողը Էրդողանն է, քանի որ նա ստիպեց Ռուսաստանին հրաժարվել Անդրկովկասում իր աշխարհաքաղաքական երկարատև մենաշնորհից: Եվ դրանից Թուրքիան անկասկած շահեց։

Այս տարի սա արդեն երրորդ հակամարտությունն է, որտեղ Ռուսաստանը ստիպված էր ընդունել Թուրքիայի առավելությունը՝ ռազմական տեխնոլոգիաների առումով (Լիբիան և Իդլիբը մյուս երկուսն են): Հետևաբար կարող է նաև թվալ, որ Ռուսաստանը չի համարձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության հարցում օգնել Հայաստանին։ Հարմար է ասել, որ Պուտինը ցանկանում էր վրեժ լուծել Փաշինյանից, երբ իրականում Մոսկվան վախենում է պարտվել թուրքերին՝ երրորդ անգամ անընդմեջ։ Ի վերջո Փաշինյանն իշխանության եկավ «թավշյա հեղափոխության» շնորհիվ, և Պուտինը պարզապես ատում է այդ իշխանությանը։

Կարո՞ղ են Լեռնային Ղարաբաղի երկրորդ խոշոր պատերազմի արդյունքները փաստել, որ Կրեմլի ազդեցությունը շարունակում է թուլանալ ոչ միայն Բելառուսում, Մոլդովայում կամ Խաբարովսկում, այլ նաև Անդրկովկասում։ Սա ավելի խոր հետազոտության թեմա է, որին պատրաստվում եմ անդրադառնալ մոտ ապագայում՝ առանձին հոդվածով։ Հավանաբար բարդ է գտնել ճիշտ պատասխանները, թե Մոսկվայում և Ստամբուլում ո՛ր վերաբերմունքն ու նպատակներն են հանգեցրել Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի արդյունքին։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ Անդրկովկասում տեղի է ունեցել աշխարհաքաղաքական երկրաշարժ, որի հետևանքները տեսանելի կլինեն առնվազն առաջիկա մի քանի տասնամյակներում։ Այդ հետևանքները հիմնականում կզգան զինված հակամարտության ամենափոքր մասնակիցները՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ 

Ուստի ես կցանկանայի նվիրել այս հոդվածը հակամարտության այն կողմին, որը միաձայն համարվում է այս պատերազմի գլխավոր պարտվողը՝ Հայաստանին։ Բարդ է պատկերացնել, թե ինչ է զգում նման պարտությունից հետո հայկական համայնքը ամբողջ աշխարհում։ Երկարաժամկետ հեռանկարների վերաբերյալ բարկությունը, ցավը, տագնապը թերևս ամենահատկանշական զգացումներն են, ինչպես նաև գործող իշխանությունների հասցեին հնչող կոշտ քննադատությունները, որ միանգամայն հասկանալի են՝ հաշվի առնելով վերջին դարերում Հայաստանի ողբերգական պատմությունը։ Ամենաակնառու օրինակներն այստեղ հայ ժողովրդի ցեղասպանությունն ու աշխարհագրական դիրքն են՝ աշխարհաքաղաքական վտանգավոր հարևանությամբ։ 

Հետևաբար այս հոդվածում ցանկանում են քննարկել Հայաստանի՝ երկարաժամկետ ապագայի այլընտրանքները՝ այս երկրի պարտության պատճառների կամ աշխարհաքաղաքական սխալների փոխարեն (չնայած այստեղ մի քանի նկատառում ունեմ): Ես գնահատում եմ այն, որ Լիտվայի տված խորհուրդը ազգային նման ճգնաժամի ֆոնին ռացիոնալ դիտարկման առարկա չէ։ Ուստի ես թվարկում եմ հետևյալ գաղափարներն ինձ համար, որպեսզի ավելի լավ հասկանամ, թե ինչպես կարող է ԵՄ-ն ավելի շահեկան լինել այս տառապող ժողովրդին օգնելու հարցում։ 

Հայաստանը ցավալի պարտությամբ հսկայական և անգամ ողբերգական մարտահրավերների մեջ հայտնված առաջին պետությունը չէ։ Որոշ պետությունների դեպքում այսպիսի ողբերգությունները հանգեցրին լիակատար փլուզման։ Այդուհանդերձ, համաշխարհային պատմությունը մի շարք համոզիչ օրինակներ ունի, թե ինչպես են ցավալի պարտությունները դարձել կտրուկ քաջալերում՝ հետագա ճանապարհը վերանայելու և դրանով վերածնվելու համար:

Իր վերջին՝ «Հեղաշրջում. Ինչպես են ազգերը հաղթահարում ճգնաժամը և փոխվում» գրքում, Ջերեմի Դայմոնդը կենտրոնանում է հենց հսկայական ողբերգություններից հետո որոշ ազգերի վերածննդի վրա։ Որպես օրինակ՝ հեղինակը նշում է Ֆինլանդիան, Ճապոնիան, Չիլին, Ինդոնեզիան, Գերմանիան, Ավստրիան և ԱՄՆ-ն։ Դայմոնդը զարգացնում է այն տեսությունը, որ պետական ճգնաժամի պայմաններում ազգերը պետք է գործեն այնպես, ինչպես մարդիկ, որ ապրում են խոր անձնական դժվարություններ։ Հոգեբաններն առանձնացնում են 12 էական գործոններ ու գործողություններ, որոնք որոշում են նման մարդկանց վերականգնումը։ Դրանք սկսում են, երբ մարդն ինքն իրեն խոստովանում է, որ խոր ճգնաժամի մեջ է և կարող է քայլեր ձեռնարկել դրանից դուրս գալու համար։ Դայմոնդը վերափոխում է այս սկզբունքները 12 օրենքների՝ ճգնաժամ ապրող պետությունների համար: Այս դեպքում ամեն ինչ պետք է սկսվի ազգային համաձայնությունից և ազգի ու պետության ճգնաժամի մեջ գտնվելու փաստի գիտակցումից: Արդյունքում ազգն ինքը պետք է գտնի վերականգնման նոր միջոց: Դա կարող է ամբողջանալ այլ ազգերի փորձը վերլուծելու, աշխարհաքաղաքական ընդունված սահմանափակումները մերժելու և այլ պետությունների աջակցությունն ընդունելու միջոցով։

Այսպիսով՝ ի՞նչ կարող է սովորեցնել Դայմոնդի գիրքը Հայաստանին։ Առաջին հերթին՝ Հայաստանը պետք է ազգային համաձայնության գա և հասկանա, որ պետությունն ու ազգն այս պահին խոր ճգնաժամի մեջ են: Ուստի, կա անհրաժեշտություն, որ այդ դերակատարներն իրենք նոր ռազմավարություն գտնեն: Նշված համաձայնությանը հասնելը հեշտ չէ, քանի որ մեծ է գործող իշխանությանը պատերազմի պարտության մեջ մեղադրելու գայթակղությունը: Իսկ ներկայիս ղեկավարները միշտ տարբեր եղանակներ կգտնեն՝ նախկին ղեկավարներին զինված բախմանը բավականաչափ չպատրաստվելու համար մեղադրելու։ Մեղադրանքների նման տարափը Դայմոնդի առաջարկած ձևերից չէ, ոչ էլ անցյալում ճգնաժամը հաղթահարած ազգերի փորձն է։ Ընդհակառակը՝ նրանց հաջողվեց խուսափել փոխադարձ մեղադրանքներից՝ միաժամանակ խորանալով խնդիրների և պատճառների ավելի խորքային վերլուծության մեջ: Նման մոտեցումը միակն է, որ թույլ է տալիս գտնել նոր ռազմավարական լուծումներ՝ վերականգնվելու և ճգնաժամը հաղթահարելու համար։ Ես շատ բան չգիտեմ այն ճշգրիտ պատասխանների մասին, որոնք Հայաստանը կգտնի ինքնուրույն քննարկման ընթացքում: Այնուամենայնիվ, ես կցանկանայի լսել այս հիմնական հարցերի պատասխանները, որոնք փոխկապակցված են: 

Առաջին հարցը. արդյո՞ք Հայաստանի համար ողջամիտ էր պահպանել ստատուս քվոն 1990-ականներին՝ Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից ի վեր: Չնայած Հայաստանը հաղթել է, սակայն այս պետությունը չի ձգտել երկարաժամկետ խաղաղության պայմանագրի և զիջել է այն տարածքները, որոնք հայերն օկուպացրել են, եւ որոնք իրականում չեն պատկանել Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածին: 

Տարածքների վրա հիմնված ստատուս-քվոյի պահպանումը աշխարհի բոլոր հայերի համար տարիներ շարունակ եղել է հիմնական ազգային գաղափարը: Դա նաև միակ գաղափարն էր, որով Հայաստանը առանձնանում էր համաշխարհային հասարակության մեջ: Հետևաբար կարող է թվալ, որ հայերին պակասում էր ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր կամ հուզական ուժ՝ մեկ այլ բանի համար: Ի վերջո պարզվեց, որ սխալ էր այն համոզմունքը, որ ռուսական ռազմական ուժերը կօգնեն պահպանել նման ստատուս-քվոն: Ավելին՝ դա այս տարվա ռազմական ողբերգության հիմնական պատճառն էր: Բացի այդ՝ ակնհայտ է, որ պատերազմի պարտության արդյունքը վերադարձն է այն իրավիճակին, որն առկա էր մինչև 1992 թվականը, երբ տեղի ունեցավ առաջին ռազմական բախումը: 

Երկրորդ հարցը. ռազմավարական առումով ճի՞շտ էր աշխարհաքաղաքական անվտանգությունը միայն Ռուսաստանի հետ կապելը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կրեմլը դեմ գնաց Արևմուտքին և ԵՄ-ին մերձենալու ցանկացած փորձի:

Եվ վերջում պարզվեց, որ Մոսկվայի տված անվտանգության երաշխիքները արդյունավետ չեն (հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի միջև վերջերս տեղի ունեցած բախումների համատեքստում): Խաբուսիկ էր նաև տատուս-քվոյի պահպանումը, որին աջակցում էր Կրեմլը: Բացի այդ՝ Ռուսաստանի և Եվրասիայի շուկաների հետ տնտեսական ասոցիացիան թույլ չտվեց Հայաստանին լիովին հարմարվել արևմտյան շուկաներին և այդպիսով ստեղծել երկարաժամկետ հաջողության պատմություն: Միևնույն ժամանակ ԵՄ-Հայաստան հարաբերությունները շարունակեցին մնալ երկիմաստ: Վիլնյուսի տեսանկյունից դիտարկելով՝ այս բոլոր մանրամասները և իրադարձությունները Հայաստանի ռազմավարությունն են վերջին երեք տասնամյակների ընթացքում, ինչը հանգեցրեց հայերի ներկայիս ազգային ողբերգությանը:

Ի գիտություն ընդունեք, որ այս մտքերը պարզապես իմ սուբյեկտիվ պատասխաններն են, որոնք հիմնված են Դայմոնդի գրքի վրա: Միայն հայերն իրենք կարող են ավելի խոր և ճշգրիտ պատասխաններ տալ, սակայն նրանք նախ ստիպված են համարձակություն գտնել՝ փնտրելու այդպիսի պատասխաններ:

Իմ ձևավորած պատասխանները կարող են օգնել ինձ հասկանալ, թե ինչպիսին կարող է լինել Հայաստանի բոլորովին նոր ռազմավարությունը: Ես տեսնում եմ երկու էական բան, որոնք կապ ունեն ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետ:

Առաջին հերթին՝ ԵՄ-ն պետք է նախաձեռնի և ստեղծի անվտանգության միջազգային մեխանիզմ՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար: Այս քայլը պետք է իրականացվի այլ արևմտյան գործընկերների օգնությամբ (ԱՄՆ նոր վարչակազմ): Իհարկե, նման մեխանիզմը չպետք է հենվի միայն Կրեմլի՝ այսպես կոչված խաղաղապահների վրա: Ոչ վաղ անցյալում Արեւմուտքը ստիպված էր հոգ տանել Կոսովոյի ալբանացիների մասին. անվտանգության միջազգային հաջող երաշխիքներ ստեղծվեցին այդ ժամանակ: Ես չեմ ասում, որ Արևմուտքը պետք է պատճենի Կոսովոյի մոդելը Լեռնային Ղարաբաղում: Սակայն ակնհայտ է, որ արևմտյան երկրները պետք է ավելի նախաձեռնողական դեր ստանձնեն՝ նոր Մերձավոր Արևելքից խուսափելու համար: Եթե Անդրկովկասի անվտանգությունը մնա միայն Ռուսաստանի և Թուրքիայի վերահսկողության տակ, ապա այս տարածաշրջանը, որն ունի նավթի և գազի բազում ռազմավարական ռեսուրսներ, միշտ կմնա Կրեմլի շահարկման գոտի: Այն շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների սերտացման համատեքստում: 

Լեռնային Ղարաբաղի հայերին ուղղված միջազգային անվտանգության երաշխիքները թույլ կտան Հայաստանին լսել Դայմոնդի մեկ այլ կարևոր խորհուրդ` վերանայել աշխարհաքաղաքական ընդունված սահմանափակումները: 

Երկրորդ՝ Հայաստանը երբեք իրեն անվտանգ չի զգա, եթե այնտեղ պետական ​​անվտանգության միակ որոշիչը մնա զենքի քանակը: Քանի որ այս պետությունը շրջապատված է այնպիսի աշխարհաքաղաքական դերակատարներով, ինչպիսիք են Թուրքիան և նրա հիմնական կամակատարը ՝ Ադրբեջանը, կամ նույնիսկ Ռուսաստանն ու Իրանը, անվտանգության ապահովման միակ ողջամիտ ճանապարհը Հայաստանի տնտեսական և սոցիալական բարգավաճման վրա կենտրոնանալն է: Վերցնենք Մերձավոր Արևելքում Իսրայելի օրինակը․ չնայած տասնամյակներ շարունակ այս պետությունը միջազգային անվտանգության բազմաթիվ մարտահրավերների կենտրոնում է, այն շարունակում է մնալ անվտանգ: Դա ուժեղ տնտեսության, ոչ թե զենքի մեծ բազայի շնորհիվ է: Ընդհանուր առմամբ՝ Հայաստանի միակ ճանապարհը Անդրկովկասում տնտեսական հրաշքի ստեղծման վրա կենտրոնանալն է: Դա գիտակցելու համար հայերը պետք է իրենց ազգային ռազմավարության առաջնահերթությունը ռազմականից փոխեն դեպի զարգացման, ներդրումների և արդիականացման: Շատ բնական ռեսուրսներ չունենալով՝ Հայաստանը կկարողանա ամրապնդել իր տնտեսությունը՝ միայն դեպի Արևմուտք ինտեգրվելու և ԵՄ-ի հետ համագործակցության միջոցով:

Հայաստանը դժվար թե ինքնուրույն գիտակցի նման ռազմավարական փոփոխությունը: Հետևաբար ԵՄ-ն այնտեղ կարող է կարևոր դեր ստանձնել: Ըստ Դայմոնդի՝ այլ երկրների աջակցությունը կենսական նշանակություն ունի, երբ խոսքը վերաբերում է ազգային ճգնաժամից դուրս գալուն: Այնուամենայնիվ տառապող ժողովուրդը պետք է հասկանա այդ ճգնաժամի պատճառները և կոնսենսուսի հասնի իր ազգային նոր ռազմավարության վերաբերյալ:

Անդրկովկասում կայուն իրավիճակը պետք է կարևոր առաջնահերթություն լինի ԵՄ-ի համար: ԵՄ-ն ինքը պետք է սովորի ստեղծել և զարգացնել այդպիսի կայունություն: Հայերի ու ադրբեջանցիների համաձայնության չհասնելու փորձերին պասիվ հետևելը կամ հույսը, որ Ռուսաստանը կստեղծի կայունություն, կարճաժամկետ ինքնախաբեություն է: Կրեմլը մտածում է միայն նախկին սովետական տարածքում երկարատև անկայունության մասին, քանի որ դա կանխելու է այնտեղ արևմտյան ինտեգրումը: Մինչդեռ ԵՄ-ն ավելի շուտ կշահեր կայունության հաստատումից:

Վերջերս Թրամփի վարչակազմը ցույց տվեց հիանալի օրինակ, թե ինչպես կարելի է կայունություն ստեղծել երկարաժամկետ անկայունության գոտիներում: ԱՄՆ-ը խրախուսեց մի քանի արաբական պետությունների՝ Իսրայելի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Ի պատասխան՝ առաջարկվեցին տնտեսական աջակցության կարևոր փաթեթներ: Նման գործարքները պատմական մեծ նշանակություն ունեն: Պատահական չէ, որ այս խաղաղության համաձայնագրերը պաշտոնապես վերնագրվում էին որպես «աբրահամյան համաձայնագրեր»՝ անդրադառնալով հրեա և արաբ ժողովուրդների ծագման աստվածաշնչյան պատմությունը:

ԵՄ-ն կարող է հետևել ԱՄՆ-ի օրինակին և նմանատիպ համաձայնագրեր առաջարկել հայերին ու ադրբեջանցիներին: Դրանց կարող են ավելանալ նաև տնտեսական լայն աջակցության ծրագրերը և երկարաժամկետ խաղաղության համաձայնագրերը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը երաշխավորող միջազգային մեխանիզմները: Նման գործարքները հատկապես կարևոր կլինեն Հայաստանի համար, քանի որ դրանք երկարաժամկետ հաջողության սկիզբ կդառնան՝ հիմնվելով տնտեսության ուժի, այլ ոչ թե զենքի քանակի վրա:

Միջազգային հանրությունը պետք է օգնի Հայաստանին՝ ընդլայնել իր աշխարհաքաղաքական օրակարգը, ինչը պետք է դառնա ավելի հավակնոտ: Սա նշանակում է, որ այն պետք է ներառի ոչ միայն անվտանգությունը, այլև տնտեսական աճը, ներդրումների ներգրավումը, բարեփոխումները, սոցիալական բարեկեցությունը, կոռուպցիայի կանխարգելումը, ավելի շատ ուշադրություն մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը: Արդյունքում՝ Հայաստանը կարող է վերադառնալ թե՛ տեղական, թե՛ միջազգային քաղաքականություն՝ թարմացված ուժով, սպասելիքներով և հեռանկարներով: Միջազգային հանրությունը և մասնավորապես ԵՄ-ն կարող են Հայաստանին առաջարկել նոր համաձայնագիր՝ հետագա ռազմավարական նպատակների համար: Այստեղ կարող են ներգրավվել միջազգային դոնորները (Մեծ յոթնյակը) և ֆինանսական հաստատությունները (Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Եվրոպական ներդրումային բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը): Վերջապես, ԵՄ անդամ երկրների ազգային ներդրումային ինստիտուտները նույնպես կարող են ներգրավվել: Հաշվի առնելով աստվածաշնչյան մեկ այլ պատմություն, որը վերաբերում է Հայաստանին և Արարատ լեռանը՝ նման համաձայնագրերը, որոնք Եվրամիությունը կարող է առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին՝ մասնավորապես ուղղված Հայաստանի ապագա հեռանկարներին, կարող են ստանալ «Նոյան տապանի համաձայնագրեր» պատմական անվանումը:

Աստվածաշունչն ասում է. «Սիրի՛ր դիմացինիդ՝ ինչպես քո անձը»: Սա նաև տարածաշրջանային հարևանների խաղաղության ընդհանուր բանաձև է: Վերջապես, սա հնարավորություն է տալիս Եվրամիությանը՝ գնահատելու իր արևելյան գործընկերներին, քանի որ դա Անդրկովկասում խաղաղություն երաշխավորելու միակ միջոցն է:

Թարգմանիչ՝ Լյուսի Մանվելյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել