Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոեր դատախազության հանրային կապերի բաժնից:
«ՀՀ գլխավոր դատախազությունը ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի դեմ սանձազերծած և Թուրքիայի Հանրապետության գործուն աջակցությամբ, միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների ներգրավմամբ իրականացված ագրեսիվ պատերազմի ողջ ընթացքում, այնպես էլ նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո առավել մեծ հետևողականությամբ իրականացրել է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի մշտադիտարկում՝ պատերազմին, դրա աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառներին առնչվող հանցավոր դրսևորումների վերաբերյալ տվյալների և փաստերի հավաքագրման նպատակով:
Նկատի ունենալով ցավալի արդյունքով պատերազմի պատճառահետևանքնային կապերը, դրան հանգեցրած իրողություններն ու հանգամանքները հատկապես քրեաիրավական դաշտում օբյեկտիվ քննությամբ ուսումնասիրության առարկա դարձնելու և գնահատելու խիստ անհրաժեշտությունը, մշտադիտարկման արդյունքնում արձանագրված բազմաթիվ այնպիսի տեղեկություններ, որոնք առերևույթ պարունակել են տարբեր հանցագործությունների հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազությունից հընթացս անմիջապես ուղարկվել են համապատասխան քննչական մարմիններ՝ դրանցում նշվող հանգամանքները քրեադատավարական կարգով ստուգման, իրավական գնահատման առարկա դարձնելու հանձնարարություններով:
Արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում և ՀՀ ՀՔԾ-ում դատախազական պատշաճ և հետևողական դատավարական վերահսկողության ներքո քննվում են բազմածավալ, բազմադրվագ քրեական գործեր, որոնց վերաբերյալ, հաշվի առնելով ռազմական դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումները, հանրային իրազեկվածության ապահովման առաջնայնությունից ելնելով ներկայացվում է հետևյալը:
Արդյունքում 2020թ. նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար մի խումբ անձանց կողմից կատարված այնպիսի արարքների վերաբերյալ, որոնք հակասել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք փաստաթղթերում առկա կարգավորումներին, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել պատերազմի արդյունքի վրա։
Նշվածն առնչվող՝ առանձին կուսակցությունների ղեկավարների, փաստաբանների, այլ անձանց կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումները, ինչպես նաև հրապարակումները 5 մլրդ դոլար (խմբ-վարչապետին) առաջարկվելու վերաբերյալ, ՀՀ գլխավոր դատախազությունից ևս անմիջապես ուղարկվել են նախաքննական նույն մարմնին՝ նշված քրեական գործին կցելու և դրանցում առկա հանգամանքները քննության առարկա դարձնելու նպատակով։ Քրեական գործով քննությունը շարունակվում է:
Քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու նպատակով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից 07.12.2020թ. այս կապակցությամբ տրվել է քննչական և այլ դատավարական գործողություններ կատարելու ցուցում: Նույն օրը ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԱԾ տնօրենին հասցեագրվել է գրություն՝ սեղմ ժամկետում վերոնշյալ ցուցումով սահմանված և դրանից բխող քննչական և այլ դատավարական գործողությունները կատարելու և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումների հետ նախաքննական մարմնի համագործակցության ապահովմամբ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Քրեական այս գործի շրջանակներում մանրակրկիտ քննության առարկա դարձնելու նպատակով հընթացս ՀՀ գլխավոր դատախազության կողմից ԱԱԾ քննչական դեպարտամենտ են ուղարկվել նաև ԶԼՄ-ների բազմաթիվ այլ վերաբերելի հրապարակումներ, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղություններում, դեպի Շուշի քաղաք, քաղաքի մատույցներում և քաղաքի ներսում ծավալված ռազմական գործողությունները լուսաբանած հայտնի ռուս լրագրողի հրապարակային արված դիտարկում-վկայությունները, ենթադրաբար Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությամբ ձայնագրությունը, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քրտուղար Սամվել Բաբայանի՝ 12.12.2020թ. հրապարակված հարցազրույցը և այլն:
Բացի վերոնշյալը, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ: Այդ գործերի շրջանակներում ՀՀ դատախազության նախաձեռնությամբ քննության առարկա են դարձվում ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով տարածվող՝ նման գործընթացների վերաբերյալ՝ իրենց մեջ որոշակիություն ունեցող հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարություններն ու տեղեկությունները, դրանց կից ներկայացվող փաստաթղթերը:
Այս բնույթի քրեական վարույթների վերաբերյալ հետագայում կտրվի առանձին համապարփակ տեղեկատվություն:
Իրականացվող բոլոր վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)