Ավտոներկրողը շրջանցում է օրենքը և խուսափում հարկեր մուծելուց. բաց նամակ կառավարությանը |hetq.am|
15:40 - 20 դեկտեմբերի, 2020

Ավտոներկրողը շրջանցում է օրենքը և խուսափում հարկեր մուծելուց. բաց նամակ կառավարությանը |hetq.am|

hetq.am: Փաստաբան Տիգրան Ղազարյանը բաց նամակ է հղել կառավարությանը և քաղաքացիներին՝ հայտնելով ավտոներկրման ոլորտում առկա բացերի մասին։ Մասնավորապես, փաստաբանի վստահորդը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ «Ֆայն քարս օֆ Արմենիա» ՍՊԸ-ն ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։ Ըստ փաստաբանի՝ ՊԵԿ-ի թողտվության արդյունքում ավտոներկրող ընկերությունները հնարավորություն են ստանում ներկրել ավտոմեքենա, այն տեղափոխել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնել վաճառք,  և այս ամենը այն պատրվակով, թե իբրև ավտոմեքենան տարվում է ներկրողի պահպանման վայրում պահպանելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ ներկրողը դիմել է արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։

Բաց նամակ

Դեռևս մեկ ամիս առաջ իմ վստահորդի՝ Ա. Բ.-ի կողմից հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել այն մասին, որ Ֆայն քարս օֆ Արմենիա ՍՊԸ-ն ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների աջակցությամբ խուսափել է և շարունակում է խուսափել (քանի որ արարքը շարունակական բնույթ ունի) առանձնապես խոշոր չափերի հարկերի և տուրքերի վճարումից։

Ի պատասխան ներկայացված հաղորդման ստացվել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝տիկին Հ. Հարությունյանի, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանի և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանի ուղարկած գրությունները, որոնցում արտահայտված դիրքորոշումներից բխում է, որ Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) մաքսային տարածք կարելի է ավտոմեքենաներ ներմուծել, դրանց համար կիրառելի հարկերը և տուրքերը չվճարել, մաքսային մարմնի գիտությամբ դրանք տեղափոխել խանութ-սրահ կամ ավտոշուկա, առաջարկել վաճառքի, վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո վերցնել գումարը կանխավճարով, գնալ մաքսային մարմին և բոլոր չկատարված վճարումները ամիսներ կամ տարիներ անց կատարել, թեկուզ և ինչ որ տուգանք վճարելով, որից հետո ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունքը վերջնական փոխանցել գնորդին։ Ընդ որում, վերը նշված ընթացակարգի համար հոգ չէ, որ անցած կլինի մեկ տարի և ավել։ Ավելին, եթե մեքենան չվաճառվի, ապա կարելի է այն արտահանել երկրից առանց մաքսազերծման, կամ էլ մեկ տարի հետո տեղափոխել մաքսային պահեստ :

Հաշվի առնելով, որը վերը նշված ընթացակարգը, այլևս, համարվում է օրինական և իրավասու պաշտոնատար անձինք այդտեղ որևէ իրավական խնդիր չեն տեսնում, հետևաբար, ղեկավարվելով Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 7 րդ հոդվածի պահանջով, ցանկացած ավտոներկրող կարող է պահանջել, որպեսզի իր նկատմամբ կիրառվի նույն մոտեցումը, ինչը որ կիրառվում է որոշ ավտոներկրողների նկատմամբ։

Ստացվում է, որ դուք ևս կարող եք (իրավունք ունեք) ներկրել ավտոմեքենա, մաքսային մարմինը ձեզ կթույլատրի (պետք է թույլատրի) այն տանել ավտոսրահ վաճառելու և փաստացի իրականացնեք վաճառք,  և այս ամենը այն պատրվակով, թե իբրև դուք տանում եք ձեր պահպանման վայրում պահպանելու, այն էլ առանց որևէ ժամանակային սահմանափակման։ Արդյունքում չկարողանալով վաճառել ներկրված ավտոմեքենաները՝ կարող եք դիմել արտահանման համար և արտահանել առանց համապատասխան հարկեր ու տուրքեր վճարելու։

Վերը շարադրվածի վերաբերյալ մեր մոտ առկա են անհրաժեշտ նյութերը, որոնք վերաբերվում են Ֆայն քարս օֆ Արմենիա ՍՊԸ-ի կողմից Հայաստան ներկրված ավտոմեքենաների, դրա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին, ՊԵԿ նախագահի տեղակալ Շ. Ներսիսյանին,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ՝ տիկին Հ. Հարությունյանին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն խաչատրյանին ուղղված հաղորդման, փաստաբանական հարցման ու ստացված նամակների պատճենները և ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ա. Վաթյանից ստացված վերջնական եզրակացությունը, որով հաստատվում է վերը ներկայացված տեղեկությունները, մասնավորապես, որ հաղորդման մեջ նշված նյութերով հանցանքի կամ զանցանքի հատկանիշներ չեն հայտնաբերվել։

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Կամ ներկայացվածը քրեական հետապնդման և պատկան մարմինների օրենսդրական կարգավորումների ոչ ճիշտ մեկնաբանման և թերի աշխատանքի արդյունք է կամ՝ թույլատրելի արարք, որից հավասարապես պիտի կարողանան օգտվել նաև մյուս ավտոներկրողները։  Կարևոր է  բոլոր տնտեսվարողների նկատմամբ հավասար պայմանների  և օրենքի միատեսակ կիրառության ապահովումը։

Ուսումնասիրելով «Ֆայն քարս օֆ Արմինիա» ՍՊԸ-ի պաշտոնական կայք-էջը՝ պարզ է դառնում, որ վերջիններս արդեն իսկ վաճառել են 124 ավտոմեքենա, ամենայն հավանականությամբ՝ նույն եղանակով։

Միևնույն ժամանակ պատրաստվել է համապատասխան նամակ ուղղված ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի մաքսային համագործակցության գծով նախարար պարոն Օ.Մ. Պանկրատովին,  որտեղ նկարագրվում է այս իրավիճակը և խնդրանք է ներկայացվում պարզաբանել, թե արդյոք դա համապատասխանում է ԵԱՏՄ մաքսային կարգավորումների տառին, ոգուն ու բովանդակությանը։ Սա արվում է ստիպված, քանի որ հարցի վրա ուշադրություն դարձնելուն ուղղված մեր բոլոր ջանքերը մնում են անարձագանք, մասնավորապես  այն պատճառով, որ ՊԵԿ ի  նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանին ուղղված մեր փաստաբանական հարցմանը 2020թ. հոկտեմբերի 1 ին տրվեց պատասխան այն մասին, որ խնդրարկվող տեղեկատվությունը պարունակում է մաքսային գաղտնիք և տրամադրվել չի կարող։ Ավելին, ՊԵԿ պատասխանատուները հարցման մեջ նշված տեղեկատվությունը տեղում ստուգելու անհրաժեշտություն չտեսան և ոչ մի քայլ չձեռնարկեցին, այն դեպքում, երբ սա մեր առանց այդ էլ վատ վիճակում գտնվող բյուջեին ուղղակիորեն հարվածող երևույթ է։

Բացի այդ, պատրաստվել է համապատասխան դիմում ՀՀ ՏՄՊՊՀ ին՝ տեղեկացնելով տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կոպիտ խախտման կապակցությամբ օրենքով սահմանված միջոցների կիրառման անհրաժեշտության մասին։

փաստաբան

Տիգրան Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել