ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ
22:41 - 18 դեկտեմբերի, 2020

ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ն պարզաբանում է տարածել ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Նշենք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ավելի վաղ գրառում էր արել, որում մասնավորապես նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը տնտեսվարողներին ստորացնելու և խուզարկելու համար խայտառակ օրենք է բերում ԱԺ. գործելու է dawn raid-ի՝ «անսպասելի խուզարկության» մասին դրույթը:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը հրապարակվել են դեռևս 2020 թվականի մայիսի 5-ին՝ e-draft.am կայքէջում:

«Ավելի քան մեկ ամիս նախագծերը քննարկվել են ոլորտի շահագրգիռ պետական, մասնավոր և գիտական հատվածի ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, Օրենքի նախագծով ի թիվս այլ բարեփոխումների, առաջարկվում են նոր կարգավորումներ, որոնք նպատակաուղղված են ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Այդ թվում՝ նախատեսվում է ներդնել

•Պարզեցված կարգով համակենտրոնացումների թույլատրման ինստիտուտ,

•Տուգանքների մեղմման մեխանիզմ:

•Ժամանակակից մեխանիզմների ներդրմամբ փաստաթղթաշրջանառության վարում, տեղկատվության հավաքագրում, ինչը կհանգեցնի թե փաստաթղթաշրջանառության և թե ժամանակի էական կրճատման: Ընդ որում նվազագույնի կհասցվի նաև տնտեսվարողների հետ վարույթի շրջանակներում շփման ծավալը:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի՝ ապացույցներ ձեռք բերելու իրավասությունների և ստուգումների իրականացման մեխանիզմների հարցին, ապա այդ գործիքակազմը գերազանցապես նպատակաուղղված է փոքր տնտեսվարողներին գերիշխող կամ մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարողների հետ մրցակցային պայմաններում ազատ տնտեսական գործունեություն իրականացնելու հնարավորություն ապահովելուն: Ընդ որում այդ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը մշտապես բարձրացվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ և ԵԱՏՄ գործընկերների, Համաշխարհային բանկի փորձագետների կողմից, ամրագրվել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի Հայաստանի վերաբերյալ «Ներդրումային քաղաքականության ուսումնասիրություն» խորագրով 2019 թվականի զեկույցում (UNCTAD Ivestment policy review of Armenia, 2019) , Համաշխարհային բանկի խմբի կողմից 2018 թվականին կազմված «Հայաստանի համար մրցակցության բարեփոխումների գնահատում» ԽԾՎ վերտառությամբ հուշագիր-զեկույցում:

Հ.Գ. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ԱԺ-ում իրենց ընտրության ժամանակ հնչեցված ծրագրային ելույթներում անդրադարձել են ՏՄՊՊՀ-ի ստուգումների լիազորությունների ավելացման անհրաժեշտությանը: Փաստենք, որ Ազգային ժողովի պատգամավորները, այդ թվում՝ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները ևս  տարբեր տարիներին անդրադարձել են այդ խնդրին և առաջարկել են  բարեփոխել»,- ասված է պարզաբանման մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել