Դեկտեմբերի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական գործիչ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր, թե կառավարությունը չի ուզում անհայտ կորած զինծառայողների հասանելիք գումարը տալ. «Ամեն անհայտ կորած զինծառայողի կարգավիճակի դիմաց 10 մլն միանվագ պետք է վճարեն, որից հետո ամեն ամիս 200 հազար դրամ: Իրենք, որպես լավություն, ուզում են այդ ընտանիքների վրա ծախել 300 հազար դրամ ամսական աջակցությունը: Այդ 300 հազար դրամը ոչ թե լավություն եք անում, աջակցում եք այդ ընտանիքներին, այլ հակառակը՝ այդ մարդկանց իրենց հասանելիքից քիչ գումար եք տալիս: 10 մլն դրամ պետք է միանվագ վճարեին, ամսական էլ նվազագույնը 200 հազար դրամ տային, հիմա ասում են՝ մենք ձեզ 6 ամիս տանք, հետո հասկանանք ձեր կարգավիճակը, հետո էլի տանք: Գործող կառավարությունը թող չմտածի, թե ինքը այդ քայլով լավություն է անում ընտանիքներին: Դուք նրանց հասանելիքը նույնիսկ չեք ուզում տալ»,- մասնավորապես ասել էր Մանուկյանը:

Վերջինիս խոսքերը տարածել էին նաեւ լրատվամիջոցները։ Դրանցից Politik.am-ը, սակայն, Մանուկյանի ասածը ներկայացրել է փոփոխված՝ տեսանյութը վերնագրելով՝ «Կառավարությունը հրաժարվում է զոհված զինծառայողների հարազատներին տրամադրել իրենց հասանելիք 10 մլն ՀՀ դրամները»:

Սակայն կառավարության՝ դեկտեմբերի 17-ի նիստում խոսվել է ոչ թե զոհված կամ անհետ կորած զինծառայողներին փոխհատուցում տրամադրելու մասին, այլ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին տրամադրվող ամսական վճարի չափը եռապատկելու մասին՝ մինչեւ կարգավիճակի հստակեցումը, որից հետո էլ պետք է տրամադրվի ամբողջական փոխհատուցումը:

Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը  կառավարության այդ նիստի ժամանակ ներկայացրել էր նախագիծ, համաձայն որի՝ պատերազմի հետեւանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողները պետք է ստանան ամսական 300 հազար դրամ աջակցություն՝ մինչեւ հիմնական շահառու դառնալը: Նա նշել էր, որ, համաձայն օրենքով սահմանված չափի եւ ժամկետների, զինծառայողների ընտանիքները ստանում են աջակցություն, սակայն, հաշվի առնելով, որ հաշմանդամության կարգ ստանալու գործընթացը որոշակի ժամանակ է ենթադրում, այս նախագծով հնարավոր է դառնում հիմնադրամից ստանալ որոշակի աջակցություն՝ 6 ամիս ժամկետով:

Նշենք, որ այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նման գործառույթ ունի: Համաձայն Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի խորհրդի՝ 2017 թվականի մարտի 2-ի  թիվ 9 որոշման՝  յուրաքանչյուր ամիս իրականացվում է աջակցության տրամադրում՝ 100 հազար դրամի չափով, որը դադարեցվում է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողի հիմնական շահառու ճանաչվելուց հետո:

Համաձայն միջոցառման՝ առաջարկվում է այդ գումարը պետբյուջեի միջոցով ավելացնել եւս 200 հազար դրամով: Այսինքն՝ մինչեւ շահառու դառնալը՝ զինծառայողները հնարավորություն կստանան 6 ամիս ժամկետով ստանալ աջակցություն 300 հազար դրամի չափով:

Փաստացի, այս որոշումը կապ չունի զոհված կամ անհետ կորած զինծառայողներին տրամադրվող փոխհատուցումների հետ, եւ, բացի այդ, կառավարությունը չի հրաժարվում հաշմանդամության կարգ ունեցող զինծառայողներին փոխհատուցում տրամադրել: Սա, ըստ էության, աջակցություն տրամադրելու միջոց է՝ մինչեւ զինծառայողների հիմնական շահառու դառնալը:

Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց աջակցություն չտրամադրելուն՝ ինչպես նշել էր Մեսրոպ Մանուկյանը, ապա այս մասով ծրագիրը ներկայացվել է կառավարության՝  դեկտեմբերի 10-ի նիստում:

Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ մինչեւ զինծառայողների կարգավիճակի հստակեցումը՝ առաջարկվում է առավելագույնը 6 ամիս ժամկետով յուրաքանչյուր ամիս 300 հազար դրամ աջակցություն տրամադրել անհետ կորած զինծառայողների ընտանիքներին: Աջակցությունը տրամադրվելու է այնքան ժամանակ, մինչեւ այս անձինք կդառնան հիմնադրամի շահառու՝ համաձայն գործող օրենքի:

Այս մասով որոշակի պարզաբանում է ներկայացրել նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ անհետ կորածի կարգավիճակի տրամադրման ընթացակարգերը օրենսդրությամբ երկարատեւ են, դրա համար այդ ժամկետը կրճատելու համար օրենսդրության մեջ փոփոխություններ են մտցրել: Սակայն ինչքան էլ ժամկետը կրճատվի, միեւնույն է՝ դա մի քանի ամիս տեւող գործընթաց է: Եթե այս գործնթացի ընթացքում կպարզվի, որ քաղաքացիները շահառու են, բյուջեից փոխանցված գումարը կհաշվանցվի, եթե կպարզվի, որ շահառու չեն, այս ընթացքում տրամադրված գումարը կլինի որպես անհատույց աջակցություն: Այս համատեքստում ներառվում են նաեւ գերեվարված անձանց ընտանիքի անդամները:  

Այսպիսով՝ թե՛ դեկտեմբերի 10-ի, թե՛ դեկտեմբերի 17-ի նիստում չի խոսվել զոհված զինծառայողների ընտանիքներին գումարի տրամադրումից հրաժարվելու կամ մեկ այլ ծրագրով փոխարինելու մասին, իսկ անհետ կորած կամ վնասվածք ստացած զինծառայողներին վերոնշյալ ծրագրերով տրամադրվում է աջակցություն՝ մինչեւ ծրագրի շահառու դառնալը, հետեւաբար չի կարող տրամադրվել ավելի քիչ գումար, քան նախատեսված է օրենքով:

Նարեկ Մարտիրոսյան