ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ. անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը
13:50 - 18 դեկտեմբերի, 2020

ԱԳ նախարարը հանդիպել է ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ. անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Երեկ Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի երրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ երկուստեք ընդգծվել է, որ Գործընկերության խորհրդի հերթական նիստի անցկացումը լավ հնարավորություն է՝ ամփոփելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և բովանդակային քննարկումներ ծավալելու հետագա անելիքների ու ծրագրերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵՄ Բարձր ներկայացուցչի հանդիպման առանցքային թեմաներից են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերը: Անդրադառնալով Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անընդունելի է համարել ԱլԳ անդամ երկրի կողմից նախաձեռնության հիմքում ընկած արժեքների ոտնահարումը և Թուրքիայի գործուն աջակցությամբ Եվրամիության Արևելյան հարևանության տարածաշրջանում հակամարտությունների ուժային ճանապարհով լուծման փորձ ձեռնարկելու վտանգավոր նախադեպի ստեղծումը:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը խոր մտահոգությամբ նշել է, որ Թուրքիայի և նրա կողմից աջակցվող օտարեկրյա զինյալ ահաբեկիչների ուղիղ ներգրավվածությամբ Ադրբեջանի գործողությունները վտանգում են անվտանգային միջավայրը Արևելյան հարևանության տարածաշրջանում և աղետալի հետևանքներ կարող են ունենալ տարածաշրջանային անվտանգության համար:

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել