Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում |armenpress.am|
11:19 - 18 դեկտեմբերի, 2020

Հայաստանը ձգտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավել Ադրբեջանի վերահսկողության տարածքներում հայկական ժառանգության պաշտպանության գործում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային կոթողները ոչնչացումից փրկելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ին է ներկայացրել պատերազմի ընթացքում հայկական հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։

Թեմայի շուրջ հարցազրույց ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանի հետ:

-Ադրբեջանի՝ Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական գործողություններից հետո հակառակորդի վերահսկողության տակ են անցել բազմաթիվ հայկական մշակութային հուշարձաններ: Ի՞նչ գործողություններ է ձեռնարկում նախարարությունը հուշարձանները վանդալիզմից փրկելու համար:

-Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցը գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մշտական ուշադրության կենտրոնում: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ զինադադարի հաստատումից հետո, այլ հումանիտար խնդիրների հետ մեկտեղ, անհետաձգելի հարցերից մեկն է դարձել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանումը, վանդալիզմի դեպքերի կանխումը և մշտադիտարկման հնարավորությունների ընդլայնումը։

Ադրբեջանաթուրքական ագրեսիայի առաջին իսկ օրերից ԱԳՆ ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր՝ սևեռելու միջազգային հանրության ուշադրությունը կատարվող հանցագործությունների վրա, դատապարտելու և կանխելու հուշարձանների դիտավորյալ վնասելու դեպքերը։ Հայկական կողմի մտահոգությունները փոխանցվել են գործընկեր բոլոր կառույցներին և երկրներին:

ՀՀ արտաքին գործերի նախարարը խնդրի մասին բարձրաձայնել է իր գործընկերների, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների և հանդիպումների ընթացքում: Այս հարցում սերտ համագործակցություն է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ։

-Ո՞ր կառույցների հետ եք հատկապես ակտիվ աշխատում: Խնդրում եմ թվարկել և ներկայացնել կատարված աշխատանքը:

-Արտաքին գործերի նախարարությունը սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիայից ի վեր ակտիվ համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, ինչպես նաև կապի մեջ է եղել մշակութային արժեքների պաշտպանության հարցերով զբաղվող միջազգային այլ կառույցների և կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Համաշխարհային հուշարձանների հիմնադրամ, Թանգարանների միջազգային խորհուրդ (ԻԿՕՄ), Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդ (ԻԿՕՄՕՍ), «Կապույտ վահան» միջազգային կազմակերպություն, Մշակութային արժեքների պահպանման և վերականգնման հարցերով միջազգային հետազոտական կենտրոն (ԻԿԿՌՕՄ), Հնագետների եվրոպական ասոցիացիա, Հակամարտության գոտիներում ժառանգության պաշտպանության հարցերով միջազգային ալիանս (ALIPH): Վերջիններիս ուշադրությունը հրավիրվել է Արցախի հայկական պատմամշակութային հուշարձանների և հնագիտական վայրերի վտանգված լինելու խնդրին։ Վերոնշյալ կազմակերպություններից շատերը հանդես են եկել հայտարարություններով՝ մտահոգություն հայտնելով Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանության առնչությամբ:

-ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը գործնականում ի՞նչ քայլեր է իրականացրել և իրականացնում հուշարձանների պահպանության համար:

-Հայկական կողմը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերը մշակութային ժառանգության պահպանման գործում և գործնական քայլեր է ձեռնարկում ապահովելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող Արցախի հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ վարվող շարունակական աշխատանքների շրջանակներում՝ Հայաստանի ազգային հանձնաժողովի կողմից պատրաստվել և կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև անդամ երկրների ազգային հանձնաժողովներին են ներկայացվել պատերազմի ընթացքում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների միտումնավոր թիրախավորումն ու ռմբակոծումը հիմնավորող համապարփակ նյութեր և փաստեր։

Բացի այդ, հայկական կողմը ՅՈՒՆԵՍԿՕ-ին տեղեկացրել է ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և սրբապղծման վտանգի, ինչպես նաև հայկական քրիստոնեական հուշարձանները «աղվանական» ներկայացնելու միջոցով դրանց ինքնության աղավաղմանն ուղղված ադրբեջանական հետևողական քաղաքականության մասին՝ կազմակերպությանը փոխանցելով վտանգված հայկական հուշարձանների նախնական ցանկը:

Ընդգծվել է, որ Արցախի տարածքում հայկական քաղաքակրթական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ու նենգափոխմանն ուղղված այս բոլոր գործողությունները հանդիսանում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի կոնվենցիայի, վերջինիս երկու արձանագրությունների, ինչպես նաև ՄԱԿ ԱԽ 2017 թվականի 2347 բանաձևի բացահայտ խախտում են, հակասում են համամարդկային արժեքներին: Նմանօրինակ քայլերը պետք է դատապարտվեն և կանխվեն այս ուղղությամբ գործադրվող ջանքերի շնորհիվ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել