Ամբողջ ազգը դիտում է տեսանյութեր հայ զինծառայողների գերեվարման և սպանության մասին․ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք
11:48 - 16 դեկտեմբերի, 2020

Ամբողջ ազգը դիտում է տեսանյութեր հայ զինծառայողների գերեվարման և սպանության մասին․ Մայր Աթոռը կոչ է անում իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Այս վիճակը նվաստացուցիչ է և ամոթալի, երբ ամբողջ ազգը ավելի քան 12 ժամ անհանգստությամբ ու վրդովմունքով դիտում է ադրբեջանական աղբյուրներով տարածվող տարբեր տեսանյութեր հայ զինծառայողների զինաթափման, գերեվարման և սպանության մասին՝ դրանց մեջ ակամա փնտրելով իրենց զավակների ու սիրելիների դեմքերը, երբ ակնկալում է այդ կապակցությամբ պատկան պետական կառույցների սպառիչ բացատրություններ և կամ ուղղակի գործողություններ, հրապարակված պաշտոնական հաղորդագրությունները բովանդակային անորոշության հաղորդմամբ ոչ միայն չեն մխիթարում և փարատում այս վիճակը, այլև ավելի են խորացնում այն՝ հարկադրելով մարդկանց հայացքները պարզել այլ ուղղությամբ։

Անհետ կորածների, զոհվածների ու գերեվարվածների ընտանիքները և ողջ ազգը այս վիճակում պահելը արդյո՞ք նպաստում է առանց այն էլ լարված մթնոլորտի լիցքաթափմանը, արդյո՞ք հարիր է արժանապատվության, բարոյականության և ՀՀ ու ԱՀ քաղաքացու հանդեպ ստանձնած պարտականությունների պատասխանատու իրագործման ընկալումներին։

Անհայտ կորած մեր հայորդիների շարքում շարունակում է մնալ նաև Մայր Աթոռի միաբան Մկրտիչ աբեղա Կարապետյանը, ով առաջին իսկ օրից իբրև կամավոր մեկնեց առաջնագիծ։

Մայր Աթոռում շարունակում ենք աղոթել և կոչ անում հայրենի իշխանություններին դրսևորել պատասխանատու կեցվածք։

Վերջին օրերին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից ռազմագերիների հարցով որոշակի քայլեր ձեռնարկվել են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել