armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների կազմակերպած «Արժանապատվության երթ» ակցիան ավարտվեց Ֆրանսիայի հրապարակում՝ կարճատև հանրահավաքով: Երթը մեկնարկել էր Երևանի Սասունցի Դավիթի արձանին հարող հրապարակից: Անցնելով Տիգրան Մեծ պողոտայով և Հանրապետության հրապարակով՝ այն հասավ Ֆրանսիայի հրապարակ:

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց, որ ինքը հիմա պայքարում է նաև այն տղաների հիշատակի համար, որոնք երազում էին, որ ունենալու ենք հզոր երկիր: «Մենք հաղթելու ենք, այդտեղ հարց չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու: Մենք հիմա մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր ու ազդեցիկ երկիրն ենք լինելու, ապահովելու ենք բարեկեցիկ և երջանիկ կյանք: Մի փոքր խոչընդոտ կա, դրանից կազատվենք: Այն ամենը, ինչի համար տասնյակ տարիներ պայքարում ենք, այդ ամենը պետք է իրականացնենք»,- ասաց Մանուկյանը: 

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ վաղը ևս անցկացվելու է երթ՝ Կրկեսին հարող հրապարակից: «Երթը կանգ է առնելու դատախազության, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության առջև»,- ասաց նա՝ ավելացնելով, որ երթեր են անցկացնելու նաև հինգշաբթի օրը, իսկ շաբաթ նախատեսված է հանրահավաք ու սգո երթ: