Ակնկալվում է առնվազն 50-ից ավելի հայ գերիների վերադարձ․ ըստ փաստաբանի՝ շատ ժամանակ չի պահանջվի
 |armtimes.com|
20:06 - 15 դեկտեմբերի, 2020

Ակնկալվում է առնվազն 50-ից ավելի հայ գերիների վերադարձ․ ըստ փաստաբանի՝ շատ ժամանակ չի պահանջվի |armtimes.com|

armtimes.com: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումների քանակը մոտենում է 80-ի։ Նրանց մի մասի՝ շուրջ 15-ի վերաբերյալ նաեւ գանգատներ են ներկայացվել Եվրոպական դատարան։

Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ իրենց վստահորդների մեջ կան նաեւ զոհված քաղաքացիական անձինք, որոնց դիակները կամ վերադարձվել են կամ սպասվում է, որ կվերադարձվեն։

Սիրանուշ Սահակյանը նշեց, որ հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ։ «Մեզ հայտնի չեն ժամկետները, բայց չեմ կարծում, որ հաստատված դեպքերով դա շատ ժամանակ պահանջի, առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողություններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակված հայտարարի, մինչդեռ մենք փաստերի ստուգման մակարդակում շարունակենք հայտնաբերել գերեվարման դեպքեր»։

Այսօր առավոտյան հրապարակումներ եղան այն մասին, որ երեկ երեկոյան ադրբեջանցիների կողմից եւս 2 հայ գերեվարվել է Զանգելանի շրջանում։ Նշվածի վերաբերյալ, սակայն, փաստաբանը հստակ տեղեկություններ չուներ․ «Այդ մասին լսել ենք, բայց առնվազն այն խմբի տեղակայման վայրը, որի հարցերով մենք զբաղվում ենք, հստակ գիտենք, իսկ դա եւ Զանգելանը իրարից բավականին հեռու են, ուստի առնվազն մեր խումբը չի կարող գերեվարված լինել Զանգելանում, իսկ թե կան խմբեր, որոնց իրենք գերեվարել եւ տարել են Զանգելան կամ անտառներում մնացած մարդիկ կան, որ տեղաշարժման արդյունքում հայտնվել են այդտեղ, եւս հավանական է, բայց Հադրութի գյուղերում տեղի ունեցող միջադեպի մեզ հայտնի անձինք չեն հայտնվել եւ չէին կարող հայտնված լինել Զանգելանում»։

Սիրանուշ Սահակյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչ պատերազմը գերեվարված հայ անձինք Ադրբեջանում այլեւս չկան։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել