Ոչնչացել է «Բանքսի սոճու» պետական արգելավայրը․ 2 կիսաչոր սոճի է մնացել |hetq.am|
16:51 - 15 դեկտեմբերի, 2020

Ոչնչացել է «Բանքսի սոճու» պետական արգելավայրը․ 2 կիսաչոր սոճի է մնացել |hetq.am|

hetq.am: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքին կից՝ Մարմարիկ գետի ձախ ափին, ԽՍՀՄ տարիներին հիմնադրված «Բանքսի սոճու» արգելավայրը ոչնչացել է։ 4 հա տարածքում տնկված բանքսի տեսակի սոճու ընդամենը 2 ծառ է մնացել։ Դրանք էլ հիվանդ են։

Մարմարիկ գետից Ծաղկունյաց լեռներ տանող արահետով 500 մետր բարձրանալով՝ հասանք Թեժառույք վանական համալիր։ Հենց վանքի հարևանությամբ գտնվող բացատից ժամանակին սկիզբ է առել «Բանքսի սոճու» արգելավայրը։ Մեծ ջանքեր գործադրելուց հետո կարողացանք գտնել սոճիներ, դրանք հիվանդ էին և մասնակի չորացած։ Տարածքում բազմաթիվ էին հատված և համարակալված սոճիների չորացած բները։ Արգելավայրը հիմնադրվել է Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Մինիստրների սովետի 1959 թ.-ի N20 որոշմամբ, այս որոշմանը նախորդել է արգելավայրը ստեղծելու մասին Գիտությունների ակադեմիայի գրությունը։ Արգելավայրի պահպանությունն իրականացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության մասնաճյուղի միջոցով։

Բանքսի սոճին տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Մեկենզի գետից և Արջի լճից մինչև Մինեսոտայի կենտրոնը եւ Միչիգան լճի հարավային ափը, Կանադայի արևելյան մասում՝ մինչև Հյուսիսային Բերմոնտ, Մեն նահանգի հարավային մասում։

Մշտադալար, խոշոր ծառեր են՝ մինչեւ 25 մ բարձրությամբ, ցանցառ, ձվաձև սաղարթով։ Բանքսի սոճին երիտասարդ տարիքում չափազանց արագ է աճում, իսկ 25-30 տարեկանից հետո սկսում է բավականին դանդաղ աճել։ Եվրոպա է մուտք գործել 1785 թվականին։

50 տարի անտառային ոլորտում աշխատած անտառագետ Կառլոս Ստեփանյանի գործունեության մեծ մասն անցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսության» մասնաճյուղում։ Կառլոս Ստեփանյանն ասում է, որ, թեև ԽՍՀՄ մինիստրների սովետը արգելավայրը հիմնադրելու որոշումը կայացրել է 1959 թ.-ին՝ «Բանքսի սոճու» արգելոցը տնկվել է 1940 թ.-ին։ 4.5 հա տարածքում մի քանի ծառ է մնացել ժամանակին արգելոցում խնամք չիրականացնելու պատճառով։

«Ամբողջությամբ կանաչ, հոյակապ տարածք էր, հզոր ծառեր էին։ Եթե թփերը կտրվեր, սարերում ջուր կար՝ ջրվեր, եթե խնամվեր, մաքրվեր, սոճիները մինչ օրս կանգուն կմնային։ Անտառում միշտ տեսակների պայքար կա։ Մյուս՝ անարժեք ծառատեսակները բարձրացել, խեղդել են այդ արժեքավոր ծառատեսակին»,- ասաց անտառագետն ու հանեց գրպանից խնամքով փաթաթված սոճու կոնը։ Կոնը 7-ից 8 տարի ծառի վրա մնում է՝ իր ծլունակությունը չկորցնելով։ Կոնը վերցրել է անտառից, որպեսզի սերմն առանձնացնի։ Կառլոս Ստեփանյանը համոզված է, որ ինքը կարող է վերականգնել ծառատեսակը, բայց դա պետք է լինի պետական աջակցության շրջանակում։ Անտառագետը հիշում է, որ խորհրդային տարիներին էլ հատուկ խնամք չէր իրականացվում։ Բանքսի սոճիները տնկվելով՝ մտածել են, որ իրենք իրենց ծառերը կաճեն. չեն հեռացրել անարժեք ծառատեսակները, որպեսզի չխանգարեին սոճու աճին։

 

«Ոչ մի հույս չկա վերականգնելու։ Միակ տարբերակն այն է, որ անտառտնտեսությունում տարածք տրամադրեն, այս սերմերը ցանենք, մեծանան, դառնան բուսակներ՝ 3-4 տարեկան։ Դրանք տանել և տնկել հատուկ հատկացված տեղում կամ հենց իր տեղում, բայց այդ դեպքում պետք է տարածքը հատուկ վարվի, մաքրվի, ցանկապատվի, որպեսզի ո՛չ մարդիկ մտնեն, ո՛չ վայրի կենդանիները վնասեն բուսակները։ Կամ իր տեղում պետք է տնկվի, կամ անտառտնտեսության տարածքում, բազմացնենք, վերականգնենք։ Երբեք բանքսի սոճու սերմերից չի ցանվել, չի վերականգնվել։ Կարծել են, որ այդ հզոր ծառերը այդպես էլ առողջ կմնան»,– ափսոսանքվ նշում է անտառագետը։ 

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ արգելոցի մասին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկություն տրամադրել 1990 թ.-ից մինչ օրս արգելոցի պահպանման և ընթացիկ ծախսերի վերաբերյալ։ Բացի այդ, տեղեկություններ էինք խնդրել արգելավայրում առկա ծառատեսակների թվի և տեսակի վերաբերյալ։ Ծատառեսակների թվի մասին նախարարությունից որևէ տեղեկություն չեն հայտնել։

Նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող (այժմ գլխավոր քարտուղարի տեղակալ) Աշոտ Ավալյանը հայտնել է, որ  «Բանքսի սոճու» պետական արգելավայրը գտնվում է Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ենթակայության տակ։ Հրազդանի անտառտնտեսության ֆինանսավորումը կատարվում է համաձայն եկամուտների և ծախսերի նախահաշվի և իր մեջ ներառում է անտառտնտեսության բոլոր ծախսերը։ «Քանի որ «Բանքսի սոճու» արգելավայրը չի հանդիսանում իրավաբանական առանձին միավոր, ուստի նախահաշվում առանձին տողով չի ֆինանսավորվում։ Համաձայն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 29.01.1959 թ.-ի N20 որոշման՝ արգելավայրը զբաղեցնում է 4 հա տարածք, որտեղ հիմնականում բանքսի սոճու արհեստական տնկարան է։ Արգելավայրում ծառատնկման որևէ աշխատանք չի իրականացվել»,- իր պատասխանում գրել է Աշոտ Ավալյանը։

Սոճիները հիվանդացել են և հատվել

«Հրազդանի անտառտնտեսության» ավագ անատառապետ Ստեփան Մարգարյանն   ասաց, որ սոճու հազվագյուտ տեսակների վերացման հարցով դեռևս 2015 թ.-ին են ահազանգել։ 2015 թ.-ի սեպտեմբերի 30-ին Ստեփան Մարգարյանի գլխավորությամբ «Հրազդանի անտառտնեսությունում» հանձնաժողով է ստեղծվել, որը անտառապաթոլոգիական հետազոտությունների արձանագրություն է կազմել։ Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մեղրաձորի անտառապետության 39 քառակուսի 7 և 14 անտառամասերում 5․7 հեկտար տարածքում առկա են չորացած, ցցաչոր և չորացման գնացող բանքսի սոճիներ։ Հանձնաժողովը նպատակահարմար է գտել հիվանդությունների և վնասատուների հետագա տարածքումը կանխելու նպատակով չորացած և չորացման գնացող 144 ծառ հեռացնել անտառամասերից։ 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել