Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց |1lurer.am|
17:54 - 14 դեկտեմբերի, 2020

Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «մեդիատեռոր» ասվածին ու լրատվական դաշտում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ այն կեղծ տեղեկատվությունը, որն անդադար հրամցվում է ՀՀ քաղաքացիներին, միանշանակ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը: 

«Երեկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է այս թեման բավականին մանրամասն: Առաջարկվել են մեխանիզմներ, թե ինչպես կարելի է դա կանխել: Սա մտահոգում է ոչ միայն իշխանական խմբակցությանը, այլ նաև ընդդիմությանը, և այստեղ ուժերը համադրելու կարիք կա: Չի բացառվում նաև, որ դրան նպաստում է ադրբեջանական կողմը: Չի բացառվում, որ այնտեղից նույնպես ինչ-որ սուտ թեմա է գցվում ասպարեզ, որը սկսվում է առանց ճշտելու, առանց պաշտոնական հերքման կամ հաստատման շրջանառվել:

Պետք է խնդրեմ, առաջարկեմ և հորդորեմ, որ հետևենք միայն պաշտոնական լրատվությանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես «Իմ քայլը» խմբակցության անունից առաջարկել եմ, որպեսզի միակենտրոն կառավարում լինի մեդիահոսքերի: Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որն առնչվում է Արցախում իրավիճակին, բնագծերի ճշտմանը, պարզաբանի մեկ անձ, և դա կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Մակունցը: 

Լիլիթ Մակունցի խոսքով՝ սա կարևոր է նաև այն առումով, որ բնագծերի ճշտման հետ կապված նաև որոշակի բանակցություններ են գնում, և չափազանց կարևոր է զսպվածություն դրսևորել և այն գիտակցումն ունենալ, որ չճշտված խոսքը, չհիմնավորված խուճապը կարող են խնդիրներ առաջացնել մեր պետության, Արցախի, մեր հայրենակիցների համար:

Անդրադառնալով հարցին՝ գուցե հակադարձեն, որ 44 օր մեկ կենտրոնից տեղեկատվություն են ստացել, բայց հետո պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում՝ Մակունցն ասաց.

«Դրա հետ կապված արդեն պարզաբանումներ հնչել են: Տեղեկատվությունը պատերազմի ժամանակ փոխանցվում է պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո և տեղեկատվությունը տրամադրվում է պատերազմական կանոններին համապատասխան: Մնացյալն արդեն պետք է մանրամասն վերլուծելու, քննարկելու առարկա լինի մեր քաղաքացիների համար»: Նա նշեց, որ գերատեսչությունները՝ լինի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, պետք է որոշում կայացնեն՝ թե՛ խոսնակների մակարդակով, թե՛ այլ ձևաչափով ներկայացնեն հավաստի տեղեկություն: 

Մակունցը շեշտեց, որ մեկ օրվա մեջ անասելի թվով կեղծ լուրեր հանրությանը հրամցնելը, լրատվություն ապահովելն անընդունելի են: «Այնպիսի տպավորություն է, որ բավականին համակարգված կեղծ լուրերի մեդիագրոհ է տեղի ունենում»,- ընդգծեց Մակունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել