ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է
16:18 - 14 դեկտեմբերի, 2020

ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է

Դեկտեմբերի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինին:

Փոխվարչապետի գրասենյակը տեղեկացնում է, որ Տիգրան Ավինյանը նշել է, որ ԵՄ ու նրա անդամ երկրների հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնություններից է: Նա հավելել է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության սկսումը երկկողմ օրակարգի կարևոր կետերից է:

Կողմերը քննարկել են Արցախի շուրջ իրավիճակի վերջին զարգացումները, Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցերը: Փոխվարչապետը ներկայացրել է նաև գերիների փոխանակման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն, նշելով, որ շուտով նոր զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին ադրբեջանական ագրեսիայի արդյունքում տեղահանված անձանց հումանիտար աջակցություն ցուցաբերելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին: Տիգրան Ավինյանը նշել է, որ կառավարությունը մտադիր է էլ ավելի մեծ թափով իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները: Մասնավորապես, քննարկվել է Հանրային կառավարման բարեփոխումների և թվայնացման շուրջ համագործակցության առկա վիճակը ու հետագա քայլերը:

Փոխվարչապետը խոսել է նաև կառավարության կողմից մշակվող հակաճգնաժամային տնտեսական ծրագրի մասին: Ծրագրի հիմնական նպատակը լինելու է ճգնաժամի հետագա խորացումը կանխարգելելը, գործարարության համար և սպառողական հավասարակշռված վարքագծի տեսանկյունից տնտեսական կայուն և վստահելի միջավայրի վերականգնումը, հետագա տնտեսական վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ բուֆերների ձևավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել