ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին |armenpress.am|
18:50 - 12 դեկտեմբերի, 2020

ՄԻՊ-ը Սյունիքում ուսումնասիրել է բնակիչների խնդիրները. բարձրաձայնել են սահմանազատումների մասին |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուսումնասիրել է Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների բարձրաձայնած խնդիրները դեկտեմբերի 11-ին և 12-ին կատարած աշխատանքային այցի ժամանակ: Այցի ընթացքում նա եղել է Ներքին Խնձորեսկ, Արավուս, Խնածախ, Խոզնավար համայնքներում:

«Պատերազմական գործողությունների ավարտից հետո խնդիրներ են առաջացել սահմանազատումների հետ կապված: Այդ ամենն առաջնահերթ կապ ունի գյուղացիների և այն գյուղերի անվտանգության հետ, որոնք սահմանամերձ են դառնում: Խոսքը մարդկանց ֆիզիկական անվտանգության մասին է: Այն գյուղերը, որտեղ մենք եղանք, օրինակ՝ Արավուսում, Խնածախում, Խոզնավարում մարդիկ ունեն արոտավայրեր, որտեղ անորոշ վիճակ է: Կան նաև մասնավոր հողատարածքներ և դրա հետ կապված նույնպես վիճակն անորոշ է: Այս հարցն ուղիղ կապ ունի նաև Մարդու իրավունքների պաշտպանության հետ, հարցերն առնչվում են տեղեկություններ ստանալու իրավունքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը»,- նշեց Թաթոյանը և հավելեց, որ գյուղացիներին հետաքրքիր է, թե ինչ սահմանազատումներ են իրականացվելու, ինչ զարգացումներ են նախատեսված:

Նրա խոսքով՝ սա կարևորագույն հարց է, հատկապես Ադրբեջանի շարունակվող քաղաքականության պայմաններում:

ՄԻՊ-ը հանդիպումներ է ունեցել նաև Սյունիքի մարզում գտնվող զինծառայողների հետ, քննարկումներ է անցկացրել կորպուսի հրամանատարի հետ:

«Այստեղ կան հարցեր, որոնք վերաբերում են ՄԻՊ-ին, սակայն գլխավոր հարցը գտնվում է կառավարության իրավասության տակ»,- ասաց ՀՀ ՄԻՊ-ը:

Թաթոյանը նշեց, որ առանձին քննարկում են ունեցել նաև Գորիսի քաղաքապետի հետ, իսկ Տեղ համայնքի ղեկավարի հետ էլ խոսել են առկա խնդիրների մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել