ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
13:37 - 12 դեկտեմբերի, 2020

ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանի մասնակցությամբ կայացել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Տեսակապի ձևաչափով կայացած նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում մասնակից պետությունների համագործակցության և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Նիստի օրակարգում ներառված էր տարբեր ուղղություններով ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության խորացմանն ուղղված շուրջ 15 փաստաթուղթ, այդ թվում՝ 2021թ. ԱՊՀ ԱԳ նախարարությունների միջև բազմամակարդակ խորհրդատվությունների ծրագիրը, ԱՊՀ գործադիր կոմիտեի գործունեության, ինչպես նաև COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների վերացման ուղղությամբ ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ գործողությունների վերաբերյալ:

Նիստի ընթացքում ստորագրված փաստաթղթերի մի մասը կներառվի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առաջիկա նիստի օրակարգում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ստեղծման 75-ամյակի կապակցությամբ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համատեղ հայտարարությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների համագործակցության մասին համատեղ հայտարարությունը, մինչև 2025թ. ԱՊՀ մասնակից պետությունների՝ ռազմական համագործակցության մասին հայեցակարգը, ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է օրակարգային հարցերի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: Արմեն Ղևոնդյանն անդրադարձել էնաև Թուրքիայի անմիջական աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիային:

ԱՊՀ ԱԳՆԽ նիստի մասնակցիների ուշադրությունը հրավիրվել է անհապաղ լուծում պահանջող այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև՝ զոհվածների դիերի փոխանակումը, անհայտ կորածների վերաբերյալ տվյալների ճշգրտման հրատապությունը, հայկական պատմամշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել