Բաքվի շքերթը Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական սադրանքն է․ «Լազարյան ակումբ»-ի խորհուրդ |1lurer.am|
10:43 - 12 դեկտեմբերի, 2020

Բաքվի շքերթը Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական սադրանքն է․ «Լազարյան ակումբ»-ի խորհուրդ |1lurer.am|

1lurer.am: «Լազարյան ակումբ»-ի խորհուրդը հայտարարություն է տարածել դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած շքերթի և Հայաստանի ու Ռուսաստանի հանդեպ անհարգալից պահվածքի վերաբերյալ։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «ոսկորների վրա պարերը», որ կազմակերպել էին Բաքվում` անվանելով դա «հաղթական շքերթ», Ադրբեջանի ու Թուրքիայի հերթական սադրանքն է, Հայաստանին ու հայ ժողովրդին հասարակավ նվաստացնելու փորձ։

«Բայց ոչ միայն: Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են: Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին միավորող միջազգային «Լազարյան ակումբի» խորհուրդը համոզված է՝ նման ագրեսիվ քայլով շքերթի կազմակերպիչները վիրավորել են ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին: Այդ համատեքստում հատկապես անմարդկային են հնչում Ադրբեջանի նախագահի խոսքերը 1945 թվականի ֆաշիզմի դեմ Մեծ hաղթանակի մասին: Կարծում ենք՝ նման պատմական զուգահեռները կեղծ են, վիրավորական և հանցավոր։

Բաքվում երեկ տեղի ունեցած շքերթը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի նեոօսմանական նկրտումների օրինականացում և տարածաշրջանի պատմությունը վերաշարադրելու փորձ»,- ասվում է հայտարարության մեջ:

«Լազարյան ակումբ»-ի խորհուրդը նաև նշում է, որ միջոցառման ժամանակ Թուրքիային նախագահ Էրդողանն անթաքույց հիացմունք է հայտնել Էնվեր փաշային (Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկը), իսկ 1918 թ․ թուրքական ներխուժող բանակի համազգեստով զինվորականների շքերթն ուղեկցվել է ծափահարություններով։

«Միայն հայ ժողովուրդը կարող է տնօրինել սեփական ճակատագիրը։ Հայաստանը պետք է հետևություններ անի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ծանր դասերից, միավորվի կորուստների ու հիասթափությունների դառնությունը հաղթահարելու համար: Խորհուրդը համոզված է, որ միայն հայ ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը:

Որքան արագ հայ հասարակությունը գտնի օրինական լուծում և համաձայնության գա, այնքան շուտ կձեռնարկվեն արդյունավետ քայլեր Հայաստանի պաշտպանունակության, տնտեսության վերականգնման և հայ ժողովրդի ոգու վերածննդի ուղղությամբ»,- նշված է Խորհրդի հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել