Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|
13:12 - 11 դեկտեմբերի, 2020

Մարուքյանը տարածաշրջանում խաղաղությունից խոսելը վաղ է համարում Ալիևի և Էրդողանի խոսքերից հետո |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է համարում Բաքվի շքերթի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններից հետո: Այս մասին Մարուքյանն ասաց դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում:

«Եթե Էրդողանը շարունակում է ժխտել ցեղասպանությունը և ցեղասպանությունը իրականացնողի անունը, բնականաբար, հատուկ, առանձնակի դիտավորությամբ հնչեցնում է այնտեղ, դա նշանակում է, որ իրենք չեն հրաժարվել ցեղասպանական քաղաքականությունից: Հետևաբար, անվտանգության առումով մենք չենք կարող վստահություն ունենալ: Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարություններն, ըստ էության, այն մասին են, որ դեռ երկար այս տարածաշրջանում խաղաղության մասին խոսելը վաղ է լինելու»,- ասաց Մարուքյանը:

Խմբակցության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն իրենց հայտարարություններով նաև Ռուսաստանին են դեմ գնում:

«Մինչև նրանք այդ մոտեցումներից չհրաժարվեն, ես չեմ պատկերացնում որևէ հարաբերություն, գործակցություն»,- նշեց Էդմոն Մարուքյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել