Դատապարտյալների կրթությունը ՀՀ-ում. հանրակրթական ուսուցում ստանում է 33, մասնագիտական՝ 177, բարձրագույն, հետբուհական՝ 3 անձ |armenpress.am|
11:07 - 11 դեկտեմբերի, 2020

Դատապարտյալների կրթությունը ՀՀ-ում. հանրակրթական ուսուցում ստանում է 33, մասնագիտական՝ 177, բարձրագույն, հետբուհական՝ 3 անձ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատապարտյալների կրթության իրավունքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով պետությունն իրականացնում տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրեր:

Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը:

Դատապարտյալների կրթության կազմակերպման գործընթացը կարգավորվում է օրենսդրական ակտերով

«Հիմնական ակտը, որ վերաբերում է նրանց, քրեակատարողական օրենսգիրքն է, բայց կրթական ոլորտին վերաբերող մյուս ակտերը ևս կիրառելի են, եթե քրեակատարողական ոլորտով առանձնահատկություններ նախատեսված չեն: Ֆորմալ կրթության դեպքում դատապարտյալների հանրակրթությունն ապահովվում է պետական միջոցներով: Մինչև 2015 թվականը հանրակրթությունն ապահովում էր Աբովյանի թիվ 2 ուսումնարանը, որը, սակայն, հետագայում լուծարվեց, ինչի արդյունքում ունեինք այնպիսի իրավիճակ, որ չնայած սահմանադրությամբ երաշխավորվում էր անձանց հանրակրթությունը, բայց այդուհանդերձ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները որոշակի ժամանակահատված զրկվել էին կրթություն ստանալու իրենց իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունից»,- նշեց Սարգսյանն ու հավելեց, որ այդ ընթացքում ձեռնարկվել են մի շարք քայլեր այդ հարցին համապատասխան լուծում տալու համար:

Արդյունքում, 2018 թվականին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն (այն ժամանակ դեռ Կրթության և գիտության նախարարությունը) ԱՆ ենթակայության տակ գտնվող «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին տվել է 2 արտոնագիր:

2019 թվականի սեպտեմբերի 2-ից ՊՈԱԿ-ը սկսել է իրականացնել հանրակրթություն՝ «Աբովյան», «Արմավիր», ինչպես նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում:

«Հիմնարկներն ընտրվել էին ելնելով որոշ չափորոշիչներից. այս գործընթացում կարող են ներգրավվել մինչև 19 տարեկան անձինք: Այժմ հանրակրթություն է իրականացվում նաև «Սևան» քրեակատարողական հիմնարկում: Ներկա դրությամբ ազատությունից զրկված մինչև 19 տարեկան 36 անձ ներգրավված է հանրակրթության գործընթացում և նրանցից 11-ի կրթությունն իրականացնում է «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Մնացածի հանրակրթությունն իրականացնում է «Արթիկ երեկոյան դպրոց» ՊՈԱԿ-ը, որը ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված հանրակրթական դասընթացներով է առաջնորդվում և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալները կարողանում են ներգրավվել հանրակրթության գործընթացում: Այնտեղ իրականացվում է 9-12-րդ դասարանների հանրակրթությունը՝ գնահատվում են դատապարտյալների կարիքները և ըստ այդմ կողմնորոշվում են, թե որ դասարանի դասացուցակներով անձինք պետք է անցնեն հանրակրթությունը:

Սարգսյանի խոսքով՝ ՊՈԱԿ-ի կողմից «Աբովյան», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում իրականացվել է հանրակրթություն, 2019-2020թթ. ուսումնական տարում ներգրավված է եղել 13 անձ։

Բարձրագույն ուսումնական կրթություն ստանալու համար դատապարտյալները վճարում են իրենց միջոցներից

«Բարձրագույն ուսումնական կրթությունն իրականացվում է նույն պայմաններով ինչ ազատության մեջ գտնվող քաղաքացիների համար: Այսինքն՝ բոլոր այն դատապարտյալները, ովքեր ցանկանում են բուհում սովորել, վճարումն իրականացնում են սեփական միջոցներով»,- ասաց ՀՀ ԱՆ քրեական օրենսդրության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը:

Նրա խոսքով՝ այս պահին կիսամյակային տվյալներով՝ կա 3 դատապարտյալ, որոնք ստանում են բարձրագույն ուսումնական կրթություն:

Դատապարտյալների մեծ մասը ստանում է ոչ ֆորմալ կրթություն

ՔԿՀ-ներում դատապարտյալները ստանում են նաև ոչ ֆորմալ կրթություն, որն իրականացվում է շատ ավելի մեծ թվով անձանց համար:

«Ոչ ֆորմալ կրթության դեպքում պատկերը մի փոքր այլ է, սա ենթադրում է մասնագիտական դասընթացների և ծրագրերի հմտությունների ձեռքբերում: ՊՈԱԿ-ն ունի 110 շահառուի համար նախատեսված «Գեղագիտական դաստիարակության և կրթության» ծրագիր, որն ի սկզբանե իրականացվում էր «Աբովյան» և «Արմավիր» ՔԿՀ-ներում: Պահանջարկն այնքան մեծ էր, որ որոշեցինք ընդլայնել շահառուների թիվն ու դասընթացները: Մեզ հերթով միացան «Նուբարաշեն», ապա «Սևան» և «Կոշ» ՔԿՀ-ները:

Այս պահին 12 ՔԿՀ-ից 5-ում իրականացվում է «Գեղագիտական կրթության և դաստիարակության» ծրագիրը: Գեղագիտական այս դասընթացն իր մեջ ներառում է մանրանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ, հայոց լեզու, օտար լեզու, համակարգչային հմտություններ, բիզնես գրագիտություն»,- ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ դատապարտյալները սովորում են բոլոր այն հմտությունները, որոնք կարող են մարդու մտավոր ունակությունները հարստացնել: Մասնագետի պնդմամբ՝ ստանալով նման կրթություն, հետագայում, երբ նրանք ավարտեն պատժի կրումը՝ կկարողանան օժտված լինել այնպիսի հմտություններով, որոնք կօգնեն զբաղվածություն ունենալ:

Սա պետության կողմից իրականացվող կայուն ծրագիր է:

Նախատեսվում է ուսուցանել վարսավիրական հմտություններ և սալիկապատում

Հաշվի են առնվում այն կրթական ծրագրերը, որոնք դատապարտյալներին հետագայում օգտակար կլինեն, երբ նրանք լինեն ազատության մեջ: «Դա է պատճառը, որ հաջորդ տարիների համար նախատեսում ենք ծրագրում ներառել վարսավիրական հմտություններ և սալիկապատում առարկաները: Այսինքն՝ պետք է սովորեցնել այնպիսի մասնագիտություններ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն»,- նշեց Սարգսյանը:

Կորոնավիրուսի ժամանակ դասընթացների մի մասն իրականացվել է հեռավար

«Եթե հանրակրթության մասին ենք խոսում, ապա ասեմ, քանի որ այդ դասերն իրականացնում է մեր ՊՈԱԿ-ը, ապա ուսուցիչները տեղում գնում են «Աբովյան» կամ «Արմավիր» ՔԿՀ և դասապրոցեսն իրականացվում է այնպես, ինչպես դպրոցներում: Կան առանձնացված սենյակներ, բոլորը համապատասխան գրքեր ունեն, ուսուցիչները հանձնարարություններ են տալիս, դասերը բացատրվում են, ապա ամենօրյա ռեժիմով պրոցեսն ընթանում է»,- շեշտեց Սարգսյանը:

Նա նշեց, որ այդ ամենը բարդացել էր երկրում կորոնավիրուսի տարածման ժամանակ, երբ մարտից հայտարարվել էր արտակարգ դրություն:

«Դեմ առ դեմ ձևաչափով դասապրոցեսն իրականացնելը բարդացավ, այդ իսկ պատճառով մենք փորձեցինք հասկանալ, թե որը կլինի լավագույն լուծում: Մինչև 19 տարեկան անձանց դեպքում շատ դժվար է հեռահար տարբերակով փոխանցել բոլոր հմտությունները, ինչպես նաև ուսման պրոցեսը կազմակերպել»,- ասաց մասնագետը:

Միջազգային փորձի ուսումնասիրություն

Արդարադատության նախարարությունը կորոնավիրուսային հիվանդության տարածման ժամանակ ուսումնասիրել է նաև միջազգային փորձը: Այդպիսով, պարզ է դարձել, թե տեղի ռեսուրսներն ինչպես կարող են օգտագործել կրթության իրավունքն առավել արդյունավետ կազմակերպելու համար:

«Հավասար այլ պայմաններում մենք չէինք համեմատի անգամ հայկական բանտային համակարգն օրինակ նորվեգական բանտային համակարգի հետ, սակայն, լուծումները, որոնք կորոնավիրուսով պայմանավորված որդեգրել էին պետությունները՝ գրեթե նույնական էին: Նորվեգական բանտային համակարգի դեպքում ուսուցիչներն առաջադրանքները փոխանցում էին աշակերտներին էլեկտրոնային տարբերակով, նրանք էլ իրենց աշխատանքները նույն տարբերակով ուսուցիչներին էին ուղարկում:

Նույնն արեցինք մենք՝ ուսուցիչները վարչակազմի միջոցով աշակերտներին էին փոխանցում առաջադրանքները, վերջիններս էլ պատասխանները նույն կերպ փոխանցում էին ուսուցիչներին: Սկզբնական փուլը մի փոքր շոկային էր, որովհետև չէինք պատկերացնում թե ինչպես պետք է այդ գործընթացը շարունակեինք, սակայն դա տևեց ընդամենը 1 ամիս, ինչից հետո գտանք լուծումը և ապահովեցինք կայունությունը»,- նշեց նա:

Խոսելով գեղագիտական կրթության և դաստիարակության մասին՝ բանախոսը շեշտեց, որ այդ ոլորտում նույնպես նման իրավիճակ է եղել՝ մոտ 1 ամիս ընդմիջումից, հետո հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, կարողացել են ապահովել դասապրոցեսների կազմակերպումը:

«Մեր ուսուցիչները գնում էին ՔԿՀ-ներ՝ պահելով բոլոր կանոնները, կազմակերպում բոլոր դասընթացները: Համակարգիչներով բացատրվում էին դասերը, ապա իրականացվում էր ուսումնական պրոցեսը: Այս ամենի մեջ դրականն այն էր, որ ծրագրերի կայունությունն ու շարունակականությունն ապահովելը խթան հանդիսացավ դատապարտյալների համար, քանի որ գտնվելով անազատության մեջ, նրանք առանց այդ էլ մեկուսացած են»,- ասաց Սարգսյանը և հավելեց, որ այս պահին և՛ հանրակրթությունը, և՛ գեղագիտական կրթության և դաստիարակության ծրագիրն իրականացվում են:

Դատապարտյալների համար արվում են նաև միջազգային կառույցների կողմից իրականացվող ծրագրեր

Պետությունն անում է մի շարք այլ կրթական միջոցառումներ, որոնք իրականացվում են միջազգային գործընկերների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքների արդյունքում:

«Կորոնավիրուսի ընթացքում մեր դատապարտյալների հետ կազմակերպեցինք խոհարարական և հացաթխման դասընթացներ: Շուրջ 25 դատապարտյալ կարողացավ ստանալ կրթական վկայագիր: «Արմավիր» ՔԿՀ-ից մի խումբ դատապարտյալ ներգրավվել էր խոհարարական, մյուս խումբն էլ «Վանաձոր» ՔԿՀ-ից՝ հացաթխման դասընթացներին: Համագործակցում ենք նաև «Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ Հայաստան»-ի հետ, գնահատում աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունները և, այս պահին նախատեսում ենք կազմակերպել օրինակ շինարարական դասընթացներ»,- նշեց Սարգսյանը:

Դատապարտյալն իրավունք ունի ընդգրկվելու զբաղվածության պետական գործակալության ծրագրերում

Դատապարտյալների համար, բացի գործնական միջոցառումներից, ստեղծվել են նաև օրենսդրական հենքեր: Դեռևս 2017 թվականին ամրագրվել է, որ եթե անձի պատժի կրմանը մնացել է 6 ամիս, ապա նա իրավունք ունի ընդգրկվելու Զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող ամենամյա զբաղվածության ծրագրերում: Տվյալ անձինք կարող են դիմել ՔԿՀ վարչակազմին և հայտնել, որ ցանկանում են ներգրավվել աշխատաշուկայում որոշակի պահանջարկ ունեցող ծրագրերում:

«Հիմնարկի վարչակազմը հավաքագրում է տվյալ անձանց վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն ու փոխանցում Զբաղվածության պետական գործակալությանը: Նրանք էլ գնահատում են կարիքները և որոշում, թե տվյալ տարի ինչ մրցույթ կարելի է հայտարարել: Շատ կազմակերպություններ խուսափում են աշխատել դատապարտյալների կամ նախկին դատապարտյալների հետ՝ ելնելով որոշ կարծրատիպերից»,- ընդգծեց մասնագետը և հավելեց, որ իր կարծիքով, կրթական նման գործընթացների լինելիությունը կարողացել է մեղմացնել իրավիճակը, քանի որ կան կազմակերպություններ, որոնք ՔԿՀ-ներում բավականին հաջող ծրագրեր են իրականացնում:

Շարունակությունը՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել