ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Ռազմիկ Թևոնյանին:
 
«Մեր երկրի առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար պետք է կարողանանք ամուր պահել մեր ողնաշարը, պետական ինստիտուտների անխափան գործունեությունը, լինենք ամուր և միասնական»,- նշել է նախարար Պապիկյանը։
 
Ընդգծելով այն կարևոր դերակատարությունը, որն ունեցել է Թևոնյանը ՀՀ անկախության կերտման առաջին տարիներից և հատկապես Արցախյան պատերազմում՝ նախարարը հույս է հայտնել, որ այս կարևոր ժամանակահատվածում մարզպետը արդյունավետ կերպով կկատարի իր առջև դրված պարտականությունները։
 
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Գարիկ Սարգսյանին՝ երկուսուկես տարիների աշխատանքի համար, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմին, ՏԻՄ ղեկավարներին՝ վերջին ամիսներին ցուցաբերած պատասխանատվության և թիկունքն ամուր պահելու համար:
 
Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը նշել է, որ յուրաքանչյուրի անհատական աշխատանքից է կախված այս դժվարին փուլի հաղթահարումը։ Մարզպետի խոսքով՝ երկիրը սկսվում է սահմաններից, և սահմանամերձ մարզի ղեկավարումը պահանջում է առանձնակի նվիրվածություն և համախմբվածություն։
 
Գարիկ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իր գործընկերներին՝ մարզպետարանի աշխատակիցներին համատեղ աշխատանքի համար և նորանշանակ մարզպետին մաղթել արդյունավետ աշխատանք: