azatutyun.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը երկրի վարչապետի պաշտոնում կրկին առաջադրելու է Գեորգի Գախարիայի թեկնածությունը։ Այս մասին այսօր հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ Գախարիայի առաջադրման մասին պաշտոնապես կհայտարարվի վաղը՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ընթացքում։

Նոր գումարման խորհրդարանի անդրանիկ նիստից առաջ, սակայն, ներքաղաքական անկայունությունը Վրաստանում պահպանվում է։ Խորհրդարան անցած ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հայտարարել են, որ բողոքելով հոկտեմբերի 31-ի ընտրություններում թույլ տրված խախտումների դեմ, հրաժարվում են պատգամավորական մանդատներից և չեն մասնակցի օրենսդիր մարմնի աշխատանքներին։