Ընդդիմադիր ցուցարարները պատրաստվում են համապետական հանրահավաքի |hetq.am|
12:36 - 10 դեկտեմբերի, 2020

Ընդդիմադիր ցուցարարները պատրաստվում են համապետական հանրահավաքի |hetq.am|

hetq.am: Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Կառավարության նիստի ընթացքում, Կառավարության շենքի առջև կրկին հավաքվել էին ընդդիմադիր ցուցարարները։ Նրանց պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։

Ցուցարարները շարունակ վանկարկում էին՝ «Հայաստան առանց Նիկոլի»։ Ցուցարարներից Անդրանիկ Թևանյանը հայտնեց, որ ընդդիմությունը պատրաստվում է համապետական հանրահավաքի։

Նրա խոսքով՝ հանրահավաքին ներկա կլինեն ավելի քան 200 համայնքի ղեկավարներ։

Անդրանիկ Թևանյանի կոչից հետո ցուցարարները մանրադրամներ էին նետում Կառավարության առջև։

«Քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմնված է փողի վրա ես այսօր այստեղ գտնվող, այսուհետ Կառավարության շենքի կողքով անցնող մարդկանց ասում եմ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը գտնվում է այստեղ՝ այս շենքում ամեն անգամ նրան տեսնելիս մանր դրամներ և լումաներ նետեք, թող կշտանան»,-ասաց Թևանյանը։

Ցուցարարները կոչ էին անում Նիկոլ Փաշինյանին դուրս գալ և հավաքել մանրադրամները:

Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ մանրադրամ նետելը պետք է դարձնել ֆլեշմոբ և ամեն անգամ Կառավարության շենքի մոտով անցնելիս նետել դրանք։

Չնայած նրան, որ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր, որ իրենց ակցիան ավարտվում է, և նրանք շարժվում են դեպի Նալբանդյան փողոց ցուցարարներից մեկը ցանկանում էր մտնել Կառավարության շենք, բայց շենքը հսկող ոստիկաները թույլ չէին տալիս։ Ոստիկանը հորդորեց քաղաքացուն սադրիչ քայլերի չդիմել։ Մյուս ցուցարարները ևս միացան Կառավարության շենք մտնել ցանկացող քաղաքացու կոչին։ Նրանցից մեկը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության շենքը ժողովրդինն է։ Իրանք էլ ուզում էին, առանց բռնության, մտնել շենք, կամ էլ պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանը դուրս գա և հանդիպի ցուցարարների հետ։ Ցուցարարները փորձում էին փակել Կառավարության շենքին կից փողոցներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել