Վարչապետը չի բացառել ընդդիմադիրների հետ հանդիպման հավանականությունը
 |1lurer.am|
20:06 - 09 դեկտեմբերի, 2020

Վարչապետը չի բացառել ընդդիմադիրների հետ հանդիպման հավանականությունը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հարցրեց իր հրաժարականը պահանջող ուժերի հետ հանդիպման հնարավորության մասին:

«Մենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին կխոսենք այն դեպքում, երբ պարզվի և արձանագրվի, որ հարկադրելու ռեսուրս ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը ուղղակի գոյություն չունի»,- ասաց վարչապետը: Փաշինյանը շեշտեց՝ որևէ քաղաքական ուժ, խմբակ չի կարող Հայաստանի ժողովրդին և ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը հարկադրել: Ըստ նրա՝ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի իշխանություն ձևավորելու ժողովրդի իրավունքը:

Փաշինյանն ընդգծեց, որ չեն գտնի մի այնպիսի դեպք, երբ իրենց հետ խոսելու ցանկություն է եղել, և իրենք չեն խոսել: Ասաց, որ չեն պատրաստվում խոսել այնպիսի պայմաններում, երբ այդ խոսակցությունը կընկալվի որպես նահանջ՝ բռնության և հարկադրանքի սպառնալիքի առաջ, մինչդեռ պատրաստ են երկխոսելու, եթե երեք հարցերի շուրջ կլինի կոնսենսուս:

«Առաջինը՝ Հայաստանի ներքին և արտաքին կայունության անվտանգության ապահովություն, Արցախի ներքին և արտաքին կայունության անվտագության ապահովություն և ժողովրդի իշխանության երաշխավորություն, որտեղ որոշումը հետագա կայացնելու է ժողովուրդը: Դա օրակարգ է, որը մենք պատրաստ ենք քննարկել, բայց պայմանով՝ որևէ մեկը հարկադրանքի, սպառնալիքի, բռնության լեզվով չպետք է խոսի»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների կոչերին:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետները, հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետները, ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, Կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք՝ այդ տեսակետին չհամաձայնել»,- ասաց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել