ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
19:24 - 09 դեկտեմբերի, 2020

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանը, աշխարհի ողջ առաջադեմ մարդկության հետ, ոգեկոչում է Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակը։

2015 թվականին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր:

Հայաստանը՝ որպես ցեղասպանության արհավիրքը վերապրած ժողովուրդ ներկայացնող երկիր, տարիներ շարունակ միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես այս հանցագործության դեմ պայքարի ջատագով և հետևողականորեն աշխատում է ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու, ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների վտանգների իրազեկման և դրանց արձագանքման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ուղղությամբ։

Գործադրվող ջանքերի հետ համատեղ աշխարհն այսօր բախվում է այնպիսի լրջագույն մարտահրավերների, ինչպիսիք են անհանդուրժողականության և ծայրահեղականության աճը, մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարումը:

Այս ահազանգը ոչ միայն դատապարտող և կարեկցող կոչեր հնչեցնելու առիթ պետք է դառնա, այլև օրակարգային դարձնի միջազգային կառույցների շրջանակում վաղ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանն ուղղված քայլերը:

Ցեղասպանությունը և այլ զանգվածային ոճրագործությունները, որպես կանոն, նախապես ծրագրված բնույթ են կրում և ընթանում են քաղաքացիական բնակչության թիրախավորման, մշակութային և կրոնական արժեքների ոչնչացման, ծայրաստիճան ատելության տարածմամբ: Այս բոլոր գործողություններն իրականացվեցին Արցախի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված ագրեսիայի ընթացքում, որը պլանավորվել և իրականացվել էր Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ամբողջական քաղաքական և ռազմական աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ: Այսպիսով, հայ ժողովուրդը ցեղասպան գործողությունների նոր զոհեր տալով՝ հայտնվեց գոյատևման սպառնալիքի առջև:

Ցեղասպանությունը, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ ոճրագործությունները ծնող պատճառներից է անպատժելիությունը: Անցյալում գործած հանցագործությունների ոչ բավարար դատապարտումն ու պատժից խուսափումը ժխտողականության և ցեղասպանության արդարացման համար պարարտ հող են ստեղծում: Այս գործոնները լուրջ սպառնալիք են ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ջանքերի համար, քանի որ այն պետությունները, որոնք ցեղասպանության ժխտողականությունը դարձնում են պետական գաղափարախոսություն, երբևէ չեն կարող ապահովել այնպիսի հիմնարար իրավունքների իրականացումը, ինչպիսիք են խոսքի և հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը, պայքարը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ:

Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը առաջին հերթին պատասխանատվություն է, և Հայաստանը շարունակելու է իր ջանքերը` ակտիվորեն նպաստելու այս կարևոր խնդրի առաջադրմանը գլոբալ օրակարգի շրջանակներում:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել