Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց |1lurer.am|
12:18 - 09 դեկտեմբերի, 2020

Գաղափարական կուսակցությունների ձևավորումն ու կայացումը մեր քաղաքական ուժի նպատակներից են. Մակունց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ այն անկյունաքարային է երկրում առողջ և ժողովրդավարական քաղաքական միջավայրի ձևավորման և զարգացման համար:

«Տարիներ ի վեր մեր երկրում քաղաքական կուսակցական համակարգը բնութագրվել է որպես անձակենտրոն, ապագաղափարական, ներքին ժողովրդավարության ակնհայտ պակաս ունեցող կուսակցությունների առատությամբ, որոնց գործունեության հիմքում հաճախ գերակշռել են առանձին անհատների շահերը և դրանց սպասարկելու համար ներդրված կարողությունները:

Գաղափարական հենք ունեցող կուսակցությունների ձևավորմանն ու կայացմանը նպաստելը, բազմակուսակցական համակարգի խթանումը, կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ ապահովելը եղել է մեր քաղաքական ուժի կարևոր նպատակներից մեկը՝ ի սկզբանե: Այսօրվա փաթեթը մեր այդ հանձնառության իրագործումն է»,- նշեց Մակունցը՝ հիշեցնելով, որ նախագծով արգելվում են իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները կուսակցություններին, ինչը բիզնեսի ազդեցությունը կսահմանափակի:

Արդյունավետ վերահսկողությունն, ըստ նախագծի, առաջարկվում է վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, որին են վերապահվում նաև կուսակցությունների գործունեության նկատմամբ վերահսկողական մի շարք գործառույթներ, որոնք այժմ իրականացվում են ԿԸՀ-ի կողմից, որի կարգավիճակի, կարողությունների և իրական անկախության հետ կապված՝ տարիներ ի վեր արտահայտվել են որոշակի մտահոգություններ՝ նշեց Մակունցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել