ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը |armenpress.am|
12:01 - 09 դեկտեմբերի, 2020

ՔՕ նախագծով որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման անցման գաղափարախոսությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նախագծով նախատեսվող բարեփոխումների հիմնական ուղղությունները:

«Քրեական օրենսգրքի նախագծով` որդեգրվել է պատժողական քաղաքականությունից վերասոցիալականացման քաղաքականության անցման գաղափարախոսությունը. որպես պատժի նպատակ սահմանվել է պատժի ենթարկված անձի վերասոցիալականացումը: Ընդլայնվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների ցանկը՝ այդպիսով ազատազրկումը դիտելով որպես ծայրահեղ միջոց»,- նշել է Բադասյանը:

Նոր օրենսգրքի նախագծով` կատարելագործվել են ներկայումս գոյություն ունեցող պատժատեսակների կիրառման ընթացակարգերը։

«Օրինակ՝ փոխվել է հանրային աշխատանքներ և տուգանք պատժատեսակների կիրառման վերաբերյալ ձևավորված մոտեցումը: Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի կարգավորումներին համահունչ, պատժի նշանակման առանձնահատուկ կարգավորումներ են նախատեսվել համաձայնեցման և համագործակցության վարույթների դեպքում»,- ներկայացրել է նախարարը:

Քրեական նոր օրենսգիրքը հստակ կսահմանի անչափահասների նկատմամբ քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները:

«Մասնավորապես, հաշվի առնելով անչափահասների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները, նախատեսվել է, որ հանցանքը կատարելիս 18 տարին չլրացած անձինք ցմահ ազատազրկման չեն կարող դատապարտվել:Սահմանվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, պատիժների համակարգը: Հստակեցվել և կատարելագործվել են պատժից ազատելու ինստիտուտները և այլն»,- նշել է Ռուստամ Բադասյանը:

Օրենքի նախագիծն ընդունվել է 77 «կողմ», 1 «դեմ» և 4 «ձեռնպահ» ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել