Ադոնցը իտալացի իր պաշտոնակցին է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման քայլերը
19:57 - 08 դեկտեմբերի, 2020

Ադոնցը իտալացի իր պաշտոնակցին է ներկայացրել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման քայլերը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է իր իտալացի պաշտոնակից Մանիլո Դի Ստեֆանոյի գլխավորած պատվիրակությանը։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ավետ Ադոնցը հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցած վերջին զարգացումների շուրջ հայկական կողմի մոտեցումները և թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները շեշտել են Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման, տեղահանված արցախահայության՝ հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը։

Իտալական կողմը պատրաստականություն է հայտնել ակտիվորեն ներգրավվելու մշակութային ժառանգության պաշտպանության գործում։

Նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը մատնանշել է Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները Հարավային Կովկասում՝ դրանք գնահատելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության խաթարման հիմնական գործոն:

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդարացի իրացումը Հայաստանի համար մնում է առաջնահերթություն։ Ավետ Ադոնցը վերահաստատել է բանակցային գործընթացը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափի շրջանակներում շարունակելու կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ՝ երկուստեք կարևորելով հայ-իտալական համագործակցության հետագա խորացումը և ընդլայնումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել