ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|
12:14 - 08 դեկտեմբերի, 2020

ԼՀԿ ղեկավարը Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունը համարում է ստեղծվելիք հանձնաժողովի քննարկման առարկա |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ համացանցում տարածում գտած ձայնագրությունը, որում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկում են ԼՂ հակամարտության հետ կապված հարցեր, պետք է քննության առարկա դառնա՝ նախատեսվող պարիտետային հանձնաժողովում, որը պետք է քննի պատերազմի հանգամանքները: Մարուքյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: 

«Այդ ձայնագրությունը ես պահպանել եմ: Կարծում եմ, որ դա պարիտետային հանձնաժողովի համար լավ քննության առարկա է: Պետք է կանչվեն և Սերժ Սարգսյանը, և Նիկոլ Փաշինյանը: Եվ յուրաքանչյուրը պետք է պատմի, թե ինչ է առաջարկել Ալիևը, որի մասին մենք չենք իմացել: Կարևոր հարցեր կան՝ այդ գումարն առաջարկվել է անձամբ Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ ՀՀ-ին, ի՞նչ պայմաններով է առաջարկվել, ո՞նց է առաջարկվել, այդ նյութն ինչպես է սփռվել մամուլում»,-ասաց Մարուքյանը:

Նա չի կարծում, թե Սերժ Սարգսյանին կաշառք են առաջարկել, բայց նշեց՝ Սարգսյանը պետք է պարզաբանի: ԼՀԿ-ն հիմա աշխատում է նախագծի վրա՝ խորհրդարանից դուրս պարիտետային հանձնաժողով ստեղծելու: Այդ հանձնաժողովում կլինեն ամեն ուժից համապատասխան ներկայացուցիչներ, որևէ ուժ դոմինանտ չի լինելու: Հանձնաժողովում կլինեն նաև էքսպերտներ, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ:

Մարուքյանի խոսքով՝ նախատեսվող հանձնաժողովում քննության առարկա է լինելու ոչ միայն այս ձայնագրությունը: Պարիտետային փաստահավաք հանձնաժողովը կուսումնասիրի պատերազմի հանգամանքները, պատերազմից առաջ եղած դեպքերը, թե ինչպես հասանք պատերազմին, պատերազմի ընթացը և վերջում, թե ինչ եղավ ստորագրված փաստաթղթով և ինչ է կատարվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել