Թուրքիայի տնտեսական հզորությունների հավելյալ սնուցումն անընդունելի մոտեցում կլինի․ Արտակ Մանուկյան
19:23 - 10 դեկտեմբերի, 2020

Թուրքիայի տնտեսական հզորությունների հավելյալ սնուցումն անընդունելի մոտեցում կլինի․ Արտակ Մանուկյան

Սեպտեմբերի 27-ից Թուրքիայի բացահայտ աջակցությամբ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հայ սպառողները բոյկոտի ալիք բարձրացրին թուրքական ապրանքների՝ Հայաստանում վաճառելու կապակցությամբ։ 

Հոկտեմբերի սկզբին մի շարք տնտեսվարողներ իրենց վաճառասեղաններից հեռացրին թուրքական արտադրության բոլոր ապրանքները։ Արդեն հոկտեմբերի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ ժամանակավոր արգելք դրվեց թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ է մտնելու այս տարվա դեկտեմբերի 31-ից:

Կառավարության պնդմամբ՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումը նախեւառաջ անվտանգային բաղադրիչ է ենթադրում՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական եւ ահաբեկչական գործողություններին:

Գործադիրի որոշման մեջ նշված է, որ թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաեւ թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:

Պատերազմի ընթացքում տեղի ունեցածի ու ընդունված որոշման ֆոնին հանրության շրջանում հակասական արձագանքներ եղան էկոնոմիիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հնչեցրած այն մտքի առնչությամբ, ըստ որի՝ Թուրքիայի եւ, ինչու ոչ, նաեւ Ադրբեջանի հետ հնավոր է ունենալ ազատ առեւտրային կապեր։ Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում Քերոբյանը մասնավորապես ասել էր․

«Սահմանների բացումը ընձեռելու է լայն հնարավորություններ, մեր արտադրողները կարող են իրենց ապրանքը արտահանել ՌԴ եւ այլ երկրներ՝ ավելի հարմար ճանապարհներով, քան հիմա է։ Բացվելու են թուրքական պորտերը եւ ընձեռելու են բազմաթիվ լայն հնարավորություններ, միգուցե մեզ համար կբացվի նաեւ Ադրբեջանի շուկան, եւ մեր շուկան՝ Ադրբեջանի համար։ Բնականաբար, պետք են գալու բազմաթիվ, լավ գիտելիք ունեցող մարդիկ, որոնք կկարողանան օգտվել դրանից։ Մենք պատրաստվում ենք ստեղծել այդպիսի ծրագիր, որը մեզ կպատրաստի քաղել բոլոր օգուտները, որոնք կարող են լինել տարածաշրջանի ապաշրջափակումից»։ 

Ի դեպ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին դրույթը ներառված է նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս սա գնահատել է տնտեսական կյանքում նոր գործոններ ի հայտ գալու հնարավորություն։

Վերադառնալով Էկոնոմիկայի նախարարի տեսակետներին՝ նրա կարծիքով՝ թուրքական ապրանքների ներկրման վեցամսյա արգելքը կարող է դրական ազդեցություն ունենալ հայկական արտադրության ապրանքների ծավալների մեծացման վրա։

Հաջորդ օրը Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նախարարը, անդրադառնալով ճշտող հարցին՝ արդյոք հնարավո՞ր է այդ շուկայական հարաբերությունների ստեղծումը, հստակեցրեց, որ ինքը նկատի է ունեցել, որ կա նման հնարավորություն, սակայն դրա ժամկետների եւ այլ մանարամասների վերաբերյալ մեկնաբանություն չտվեց։ 

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս թեմայի շրջանակներում «Իմ քայլը» խմբացության պատգամավոր Հայկ Գեւորգյանն էլ կարճ հարց հնչեցրեց՝ վատ բան տեսնո՞ւմ եք, որ Ադրբեջանում կարողանանք մեր ապրանքը վաճառել։

Իսկ ահա նույն խմբակցությունից Արտակ Մանուկյանը ողջունում է թուրքական ապրանքների ներմուծումն արգելող որոշումը։ Infocom-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ թեեւ գուցե կարճաժամկետ հատվածում այն տնտեսական առումով որոշակի խնդիրներ կարող է ստեղծել՝ հատկապաես հագուստի բիզնեսով զբաղվող մարդկանց համար, բայց, այնուհանդերձ, կարեւոր է քաղաքական բաղադրիչը․

«Որովհետեւ սանկցիան կամայական մի երկրի հետ սահմանափակումն է, եւ դա չի կարող տնտեսապես օգտավետ որոշում լինել, բայց չմոռանանք, որ մենք խոսում ենք մի երկրի մասին, որը հրաժարվում է որեւէ ձեւով հայկական ծագման ապրանքներ ընդունել իր երկրի տարածք։ Այն արտահանումները, որոնք Հայաստանից դեպի Թուրքիա իրականացվում են, սովորաբար ձեւակերպվում են Վրաստանից ներմուծում, այլ ոչ թե Հայաստանից։ Հետեւաբար, եթե չկա փոխադարձում, ապա դրա մասին հիմա խոսելը եւ օրակարգ դարձնելու իմաստը չեմ հասկանում»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի նկատմամբ ռազմատենչ եւ թշնամական տրամադրված Թուրքիայի տնտեսական հզորությունների հավելյալ սնուցումն անընդունելի մոտեցում կլինի, հատկապես, երբ այդ միջոցներով ձեռք է բերվելու զենք ու ծառայեցվելու հայ ժողովրդի դեմ։ Մանուկյանը նաեւ նշեց, որ հարցը միայն Հայաստանի որոշման տիրույթում չէ՝ Թուրքիան ինքն է որոշում ներկրել հայկականը, թե ոչ։

«Անկախ նրանից՝ մենք այդ ներմուծման արգելքը կիրառում ենք, թե ոչ, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանն անդամակցեց, այդ ժամանակաշրջանից թուրքական կառավարությունը որոշում ընդունեց, եւ եթե հիմա նայենք նրանց վիճակագրությունը, կտեսնենք, որ չեն ճանաչում հայկական ապրանքանիշը կամ 485 կոդը»,- մանրամասնեց պատգամավորը։ 

Անդրադառնալով ՀՀ վարչապետի, ՌԴ եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության՝ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման դրութին՝ Մանուկյանն ասաց, որ այս կետի շուրջ կան բավականին մեծ անորոշություններ։ Չնայած, նրա կարծիքով, ապաշրջափակումը որոշակի հնարավորություններ է ստեղծում, սակայն փաստ է, որ կամայական երկու երկրի նկատմամբ սանկցիա կիրառելը նշանակում է առեւտրի զսպում, իսկ լավագույն տարբերակը փոխշահավետ առեւտուրն է։

«Այս պարագայում քննարկել մի բան, որի մասով կա մեծ անորոշություն, կարծում եմ՝ ժամանակավրեպ է, քանի որ նախ պետք է հասկանացվի, թե դրա տակ ինչ է ներառվում եւ նոր այդ շրջանակներում քննարկվի։ Ապրանքների մասով քննարկում ծավալելը այս պահին այդքան էլ տրամաբանական չէ, քանի որ առնվազն այս փուլում ՀՀ կառավարության մոտեցումը որդեգրվում է իր որոշումներով, իսկ որոշումը հետեւյալն է՝ առաջին փուլում պատրաստի հումքի սահմանափակումը կլինի դեկտեմբերի 31-ից, իսկ սա նաեւ ազդակ է, որ հետագայում եւս հումքի շուկաները աստիճանաբար հնարավորինս փորձեն դիվերսիֆիկացնել կամ էլ այդ շուկաները տեղափոխել ՀՀ»։

Ըստ Մանուկյանի՝ քանի որ մենք հիմնականում հագուստի արտադրության հումքն են ներկրում, հիմա արժեշղթայի մեծացման տեսանկյունից չափազանց կարեւոր է, որ հայ բիզնեսմենները մոտեցում ձեւավորեն՝ այդ հումքը Հայաստանում արտադրելու տեսանկյունից։

«Այդ հնարավորությունները ստեղծելու համար կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, բայց առաջնայինն այն է, որ բիզնեսը հայտնի այդ պատրաստակամությունը»,- ասաց Արտակ Մանուկյանը։

Պատգամավորի համոզմամբ՝ եթե նախկինում կարող էր առավել կարեւոր համարվել տնտեսական շահը, ապա պատերազմից հետո պետք է խոսենք առաջին հերթին քաղաքական շահի տեսանկյունից, եւ ոչ թե միայն տնտեսական։ 

Մեր հարցին, թե արդյոք պատերազմից հետո հայ սպառողները պատրաստ կլինե՞ն շուկայում տեսնել ադրբեջանական ապրանքները, եւ արդյոք կգնե՞ն դրանք, եթե, իհարկե, տնտեսական իրավիճակն ապագայում այդպիսի հնարավորություն տա, պատգամավորը կարծիք հայտնեց, որ հոգեբանական տեսանկյունից թուրքական կամ ադրբեջանական ապրանքները կարող են խնդրահարույց լինել, բայց, ըստ նրա, պետք է ամեն բան անել, որ հայրենական արտադրողները այնպիսի մրցունակություն դրսեւորեն, այդ թվում՝ գնային, որպեսզի սպառողը երկար չմտածի՝ գնել հայկականը՝ մի փոքր թա՞նկ, թե՞ այլ երկրի արտադրանքը՝ մի փոքր էժան, այլ այնպիսի մրցունակություն լինի, որ այդ որոշումը կայացնի ինչպես ռացիոնալ դաշտում՝ ավելի էժան, այնպես էլ՝ խրախուսելով հայկական արտադրանքը։ 

«Սրա համար շատ կարեւոր է, որ մեր հայ արտադրողները այս ազատվող նիշան լրացնեն եւ, ինչու չէ, նաեւ կարճաժամկետ կտրվածքով իրենց շահութաբերությունը հասցնեն զրոյի, որպեսզի հայ սպառողի վարքագիծը փոփոխություն ունենա, եւ հետագայում այս անցումները քիչ ազդեն սպառողի դրամապանակի վրա»,- եզարափակեց Մանուկյանը։

Նշենք, որ Թուրքիայից ամեն տարի Հայաստան է ներմուծվում ավելի քան 250 մլն դոլարի ապրանք․ օրինակ՝ 2019 թվականին այդ թիվը կազմել է 268 մլն։ Ի հակադրություն սրա՝ Թուրքիայում հայկական արտադրության ապրանքներ գրեթե չկան։ 

Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների 80 տոկոսը պատրաստի ապրանքներ են։ Ներմուծվող ապրանքների մեջ առաջին տեղում նավթը եւ նավթամթերքն են, երկրորդ տեղում՝ տրիկոտաժը եւ հագուստները, երրորդում՝ ցիտրուսային մրգերը։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել