Երբեք չենք հաշտվի համաձայնագրի հետ, բայց չենք կարող հրաժարվել դրանից․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ստեղծվելիք կառավարության խնդիրները
17:40 - 05 դեկտեմբերի, 2020

Երբեք չենք հաշտվի համաձայնագրի հետ, բայց չենք կարող հրաժարվել դրանից․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց ստեղծվելիք կառավարության խնդիրները

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, ներկայացրեց ստեղժվելիք ժամանակավոր կառավարության խնդիրները՝ նշելով, որ դրանք քայլ առ քայլ չեն լուծվելու, այլ զուգահեռ, իրար հետ միասին։

«Առաջինը այն եռակողմ համաձայնագիրն է, որ ձևավորված է որպես հայտարարություն։ Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այն աշխատում է դե ֆակտո, և մենք չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, կնշանակի նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ։ Բայց այդ պայմանագիրը կազմված է բավական փնթի, շատ բացթողումներով, չի գրված, թե ոնց է դա մեկնաբանվելու։ Նոր կառավարությունը պետք է կարողանա ամեն անորոշությունը բանակցությունների միջոցով դարձնի հօգուտ Հայաստանի»,- նշեց նա։

Մանուկյանի խոսքով՝ երկրորդը անվտանգության հարցն է։

«Մեզ պետք է վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ։ Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև մեր հատուկ հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Այս տարածքում եթե դու ՌԴ-ի հետ չես կապված, ուրեմն՝ մնում է Թուրքիան։ ՌԴ-ի հետ ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ չունենք ոչ մի ընդհանուր շահ։ ՌԴ-ից բացի՝ ունենք էլի դաշնակիցներ․ պետք է վերականգնել այդ դաշնակցային հարաբերությունները։ Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիայի լկտիությունները։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ․ դա շատ կարևոր է մեզ համար։

«Երրորդ հարցը մեր անհետ կորածների, մեր գերիների, վիրավորների հարցն է, զոհված զինվորների ընտանիքներին օգնելու հարցն է, նրանց օգնելու հարցը, որոնք մեր մեղքով հայտնվեցին ՀՀ-ում որպես փախստական։ Եվ նաև ստեղծել պայմաններ Արցախում, որ մարդիկ կարողանան վերադառնալ այն մասը, որ մեր ձեռքում է դեռ։ 

Կարևոր է նաև Հայաստանի մթնոլորտի առողջացումը։ Դա միայն այն չէ, որ իրար հետ ավելի բարի լինենք։ ՀՀ-ում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովդրին։ Նրանց նպատակը մեր ժողովրդի լավն ու վատը չէ, նրանք մեր ժողվդրի միջոցով երկուսուկես տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանը ասա, որ մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, ավելի միասնական պիտի լինենք։

«Ամեն պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը։ Կարճ ժամաանակում մենք պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, հավատանք մեր ուժերին, գնանք առաջ։ Պարտությունից հետո պետք է ունենանք հաղթանակներ և նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը։ Խոչընդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչընդոտներից մեկը, որը թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, Նիկոլ Փաշինյանն է։ Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,- եզրափակեց գործիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել