Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց պատերազմի ժամանակ իշխանության թույլ տված սխալները
17:13 - 05 դեկտեմբերի, 2020

Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա՝ շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի․ Վազգեն Մանուկյանը ներկայացրեց պատերազմի ժամանակ իշխանության թույլ տված սխալները

Շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ իրենց՝ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Վերջինս Ազատության հրապարակում հանդես եկավ ելույթով, որը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի հայրենակիցներ, շատ հատկանշական է, որ մենք հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988թ․ մեր ժողովուրդը միասնությամբ, ոգևորութամբ, մեծ հավատքով երդվեց, որ կկառուցի ազատ, արդար և անկախ պետություն, ձեռք կմեկնի Արցախի եղբայրներին և քույրերին՝ խոստանալով նրանց անվտանգությունը և վերամիավորումը Հայաստանի հետ։ Այդ խնդներիների մի զգալի մասը կատարվեց։

Մենք կառուցեցինք անկախ պետություն։ Մենք հաղթեցինք պատերազմում։ ՀՀ և ԱՀ բանակները համարվում էին ամենահզորը այս տարածաշրջանում։ Մենք անընդհատ ավելացնում էինք մեր ազդեցությունը միջազգային ասպարեզում։

Հիմա հավաքվել ենք նույն հրապարակում՝ վիրրավորված արժանապատվությամբ, հսկայական մարդկային, տարածքային կորուստներով և այն ամենը, ինչ արել էինք Արցախյան հարցի համար, գրեթե կորած է։ Բայց վտանգված է նաև ՀՀ-ն։ Նույնիսկ ՀՀ գոյությունն է վտանգի առջև, երբ ադրբեջանցին է որոշում ՀՀ սահմանը՝ մտնելով Հայաստան՝ ոչ մի դիմադրություն չստանալով պետական մարմիններից։ Սա է վիճակը։ Հարմարվե՞նք այդ վիճակին։

Այն խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են, և այդ բոլոր խնդիրները պետք է լուծվեն։ Այնուամենայնիվ, ո՞նց ընկանք այս վիճակի մեջ, ո՞նց հավատացինք քաղցր խոսքերին, ի՞նչ կատարվեց ՀՀ-ի հետ։ Բազմիցս կրկնվեց․ մենք թշնամացանք իրար դեմ՝ հին ու նոր, սև ու սպիտակ, արցախցի ու հայաստանցի։

Նիկոլ Փաշինյանի առաջին քայլերից մեկը եղավ Արցախի բանակի գլխատումը։ Արցախի լավ հրամանատարները, որոնք փորձ ունեին, հեռացվեցին այդ բանակից։ Պատերազմի ժամանակ նրանք սպասում էին դռան մոտ․ Նիկոլը ցուցակ էր դրել, թե ով իրավունք ունի մտնել շտաբ։ Վարկաբեկվում էր Հայաստանի բանակը։

Կորցրինք մեր բոլոր դաշնակիցներին։ ՌԴ-ն կորցրեց վստահությունը մեր նկատմամբ, Չինաստանը երեսը շուռ տվեց մեզնից, Իրանը մեզ չէր վստահում, և այդպես միայնակ գնացինք առաջ։

Իսկ Նիկոլ Փաշինյանի իրարամերժ, հակասական և գրգռիչ հայտարարությունները ամեն օր մեզ մոտեցնում էին պատերազմի։ Եվ պատերազմը սկսվեց։ Հենց առաջին օրվանից անգրագետ և երբեմն դավաճանական որոշումներ, և մենք հասանք այս վիճակին։

Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել փոքր կորուստներով, այդ ամենը չեղավ։

Դրան ավելանում է երկրորդ խայտառակությունը։ Աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ իրենց հետևողականորեն տարավ պարտության, մինչև հիմա ղեկի մոտ է։ Բայց դա միայն արժանապատվության հարց չէ։ Իր ամեն օրը մեզ ամիսներով հետ է գցում։ Նրանք ազգային ոչ մի ձգտում չունեն, համաշխարհային ձգտում էլ չունեն։ Ոչ մի բանի պիտանի չեն։

Ինչքան շուտ մենք դրանց հեռացնենք, այնքան արագ կգնանք այն ճանապարհով, որով 88-ին գնացինք ու հասանք հաղթանակների։

Նիկոլ Փաշինյանը մի բան էլ պետք է հասկանա․ ինքը ինչքան շուտ հրաժարական տա կամավոր, այնքան իր համար լավ։ Շարժումը չհաղթեց, գազազած ժողովուրդը նրան կհոշոտի։ Այս շարժումը այն ճանապարհն է, որ հնարավորություն է տալիս քաղաքակիրթ ձևով փոխել իրավիճակը Հայաստանում։ Ձախողվեց, ավելի վատ է լինելու, բայց ինքը բոլոր դեպքերում գնալու է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել