tert.am: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքի հարթակից ներկայացրեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձը, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ ու սիրելի՛ հայրենակիցներ, իմ հայ ժողովուրդ, Արցախից եկած քույրեր ու եղբայրներ,

Ազատության հրապարակում այսօր ես պետք է լինեի ձեր կողքին, պետք խոսեի ձեզ հետ մեր երկրին պատուհասած իրավիճակի ու դրանից ելքեր փնտրելու հնարավոր եղանակների մասին: Բայց ինչպես գիտեք, հերթական անգամ վախկոտ իշխանությունների ձեռքով ես այս պահին ԱԱԾ-ում եմ, ինձ նորից կանչել են հարցաքննության: Իշխանությունները հերթական անգամ ապացուցեցին, որ սարսափում են ինձանից, ամեն ինչ անում են, որպեսզի ես չկարողանամ հանդիպել իմ ժողովրդի հետ:

Ես նախկինում ասել եմ ու նորից եմ կրկնում՝ Նիկոլ Փաշինյանը պետք է վախենա ոչ թե ինձանից, այլ իր վարած խայտառակ քաղաքականության հետևանքներից, իր պահած ժողովրդի բարկությունից, անտուն ու անհայրենիք մնացած մեր շուրջ 100 հազար արցախցիների զայրույթից, զավակ կորցրած ծնողների ցասումից: Մեր ժողովրդի ու հայրենիքի առաջ ծառացած օրհասական խնդիրները լուծելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը նախընտրում է շարունակել իմ հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման գործելաոճը:

Իր աթոռը պահելու համար նա պատրաստ է ամենաստոր քայլերին անգամ:

Որքան էլ, որ իմ համար ցավալի է այդ մասին խոսելը ես դեռևս ամիսներ առաջ կանխատեսում էի, որ մեր երկրի իշխանությունների վարած խայտառակ քաղաքականության պատճառով մոտալուտ վտանգ է հասունանում: Ես դեռևս 6 ամիս առաջ եմ հայտարարել, որ օր առաջ իշխանությունները պետք է հեռանան: Դա իմ անձնական ցանկությունն ու ամբիցիան չէր: Դա մոտալուտ վտանգը կանխելուն ուղղված իմ քայլն էր:

Այդ ժամանակ իմ առաջին մտահոգությունը հենց Արցախի անվտանգությունն էր: Ես դեռևս հունիսի 5-ին հայտարարել էի, որ բացառիկ տաղանդ է պետք ունենալ ռազմավարական գործընկերների հետ հարաբերությունները այդ աստիճան վատացնելու համար: Այն ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ դարերով ամրապնդված բարեկամությամբ դժվարին այս օրերին կրկին օգնության ձեռք մեկնեց ու կանգնեց հայ ժողովրդի կողքին:

Հունիսի 16-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էի, որ իշխանությունները պետք է բաց ու թափանցիկ հայտարարեն, թե ինչի շուրջ են բանակցում Փաշինյանն ու Ալիևը: Իհարկե՛ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հիմքում ընկած էր նաև տնտեսության ողնաշարի կոտրումը, կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողումը, արտաքին աշխարհի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը և բազմաթիվ այլ գործոններ: Բայց իմ թիվ 1 մտահոգությունն Արցախն էր ու Արցախի անվտանգությունը:

Իսկ հիմա արդեն Արցախի խայտառակ կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանի հրաժարականն այլևս այլընտրանք չունի: Որևէ երկրում չի եղել նման բան, որ պարտված, թշնամու առաջ ծնկի իջած, թշնամու կողմից ամենավերջին ձևով ստորացված ղեկավարն ու իր քաղաքական թիմը շարունակեն պաշտոնավարել: Պետք է ձևավորվի նոր իշխանություն, որը հնարավորություն կունենա վարել նոր բանակցություններ: Իհարկե այս փուլում, որևէ մեկը չի կարող Արցախը ետ բերել, դժբախտաբար:

Բայց գոնե նոր իշխանությունը հնարավորություն կունենա բանակցությունների արդյունքում մինիմումի հասցնել ստորագրված խայտառակ փաստաթղթով նախատեսված հետևանքները, հնարավորություն կունենա արժանապատվորեն շարունակել բանակցային գործընթացը, հնարավորություն կունենա արտաքին աշխարհի հետ մեր ազգային շահերը պաշտպանող բանակցություններ վարելու: Բայց ի՞նչ ենք տեսնում մենք այս օրերին:

Փոխանակ Նիկոլ Փաշինյանը ընդունելով իր ու իր թիմի խայտառակ պարտությունը ներողություն խնդրի ու լուռ հեռանա՝ նա ամեն օր փորձում է արդարանալ, ավելին փորձում է իր խայտառակ պարտության մեղքը բարդել բոլորի վրա: Իր համար մեղավոր են բոլորը՝ բանակը, հրամանատարները, ՀՀ ու Արցախի նախկին նախագահները, ռազմավարական գործընկերները, խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը, բայց ոչ երբեք ինքը: Դա ևս թուլամորթության դասական դրսևորում է: Որովհետև անգամ սեփական պարտությունը ընդունելու համար մարդ պետք է արժանապատվություն ու թասիբ ունենա:

Բայց ինչպես պատերազմի 44 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանրությանը կերակրում էր հաղթական ստերով, այնպես էլ այսօր փորձում է ամեն օր հանրությանը սուտ պատմվածքներով խաբել ու շեղել նրանց ուշադրությունը: Հայ ժողովրդի պատմության մեջ Ցեղասպանությունից հետո ես չեմ հիշում նման ծանր եւ ողբերգական էջ։ Մենք կորցրեցինք Արցախի 73 տոկոսը, մենք կորցրեցինք մեր լավագույն տղաներին, որոնցից ամեն մեկը մի տան ճրագ էր։

Մայր կա, որ իր երկու որդիներին է միանգամից կորցրել եւ հիմա էլ դռնեդուռ ընկած ամուսնու դիակն է փնտրում։ Հիշո՞ւմ եք,  երբ հունիսի 16-ին ես ԱԺ-ի ամբիոնից հարց ուղղեցի Փաշինյանին՝ ասելով՝ կոֆե խմելով, խաբելով մարդկանց չի կարելի մոլորեցնել, իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում էին, թե Արցախի հարցում չի լինելու հակահայ լուծում։ Հիշո՞ւմ եք, որ Փաշինյանն ասում էր՝ Արցախի հարցի լուծումը պիտի բավարարի երեք կողմերին՝ հայ ժողովրդին, Արցախի ժողովրդին եւ Ադրբեջանի ժողովրդին։ Արդյունքում՝ ժողովրդի թիկունքում ստորագրված խայտառակ կապիտուլյացիոն փաստաթղթից հետո մենք տեսանք, որ հարցի լուծումը բավարարեց միմիայն Ադրբեջանի ժողովրդին։

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ սիրտն այսօր անասելի ցավում է, երբ տեսնում եմ, թե ինչպես է արցախցին իր տունը, իր օջախը այրում, որ թուրքին չմնա, թե ինչպես է իր ծնողների գերեզմանները քանդում, որ թուրքը չպղծի։ Հավատացե՛ք,  իմ համար աննկարագրելի ցավ է տեսնել պետական բոլոր դռները թակող որդեկորույս մայրերին, ովքեր խնդրում են գոնե իրենց որդիների դիակները հետ ստանան, որպեսզի կարողանան քրիստոնյային վայել հողին հանձնել։

Սիրելի՛ հայրենակիցներ, հավատացե՛ք, ինձ Նիկոլ Փաշինյանի անձը չի հետաքրքրում։  Մարդ, ով չունեցավ տղամարդկային արժանապատվություն՝ ընդունելու իր սխալը, իր մեղավորությունը Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու մեջ եւ չունեցավ պետական մտածողություն՝ ներողություն խնդրելու եւ հեռանալու համար,  ինձ համար նման մարդը, նման հայը գոյություն չունի։ Փաշինյանն այլեւս անցյալ է: Նա հեռանալու է եւ թե՛ ինքը, թե՛ այս խայտառակ պարտության բոլոր մեղավորները օրենքի առաջ իրենց պատիժը ստանալու են։

Նոյեմբերի 10-ը հայ ժողովրդի պատմության մեջ մնալու է որպես դավաճանության ու հայրենիք հանձնելու օր, որպես մեր արժանապատվությունը թուրքի առաջ ծնկի բերելու օր։ Իր աթոռից կառչած այս մարդը, ով իրեն իշխանության բերած ժողովրդից այսօր պաշտպանվում է ճաղավանդակներով պատված շենքերում ու առանձնատերում, շարունակում է մեղադրել բոլորին և անգամ Ռուսաստանի նախագահին, ով հազար անգամ շատ ավելի լավ է տիրապետում Ղարաբաղի բանակցային գործընթացին, քան Նիկոլը, ով մե՛կ հայտարարեց, որ Արցախը Հայաստան է  ու վերջ, հետո Ալիեւին համարեց կիրթ մարդ ու վերջում՝ այդ կիրթ մարդու հետ ստորագրեց Արցախը ծնկի բերելու փաստաթուղթը, այսօր եւս շարունակում է ստել ու մոլորեցնել հանրությանը։

Այդուհանդերձ, ես այսօր ուզում եմ խոսել մեր առաջիկա ծրագերի ու անելիքների մասին։ Երկիրը կործանման եզրին է, Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին է հանձնում է ոչ միայն այն, ինչ թղթով ժողովրդի թիկունքում պարտավորվել էր, այլ նաեւ մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքը մտնում Սոթք ու ասում՝ մի քանի կիլոմետր էլ առաջ պիտի գամ։  Վտանգված է Սյունիքի ու Ադրբեջանի հետ սահմանակից մյուս մարզերի ու դրանց բնակիչների ճակատագիրը:

Երկիրը լուրջ վտանգի տակ է, եւ միայն համախմբելով բոլոր առողջ ուժերը, մենք կկարողանանք կանգենցել այս արհավիրքը, որն իր հետ բերեց Նիկոլը: Դուք արդեն գիտեք, որ 16 կուսակցությունների և հանրության մեջ մեծ հարգանք վայելող մտավորականների կողմից ձևավորված Հայաստանի փրկության շարժման թեկնածուն Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանն է:

Մարդ, ով մեր հայրենիքի համար ամենադժվարին պահերին ղեկավարել է կառավարությունը, իր ճգնաժամային կառավարման հարուստ փորձով կարողացել է մեր երկիրը դուրս բերել դժվարին իրավիճակից, վստահ եմ այսօր էլ իր քաղաքական փորձառությամբ և մեր բոլորի օգնությամբ կարողանալու է հաղթահարել մեր երկրի առջև ծառացած խնդիրները»:

Շարունակությունը՝ tert.am-ում