ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ Ռոբերտ Քոչարյան
22:53 - 04 դեկտեմբերի, 2020

ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Այս մասին «5–րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ բանակցային գործողությունը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։ «Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ ՄԽ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմը ինչ է ուզում, ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով։

«Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Արցախի գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է, մենք մեր հայտարարություններով փոխեցինք և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ, և սա է պատճառը, որ միջազգային հանրությունն այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում. քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար։ Սա դիվանագիտական ձախողում էր»- ասել է Քոչարյանը։

Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով, որ դա մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։

«Այս երկու հարցերի ուղղակի մեղավորը ՀՀ վարչապետն է։ Հաջորդը Տավուշում մեր կողմից հրահրած սահմանային  կոնֆլիկտն է։ Երբ ԳՇ պետը ասում է , որ ինքը հունիսի 12-ին, ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուրճացնել դրա նշանակությունը։ 70 հոգու մարտական խաչ-ով պարգևատրել և խոսել այդ մասին, որ մենք հաղթեցինք Թուրքիային և Ադրբեջանին։ Սա ինչ էր , եթե ոչ պատերազմի հրահրում։

Հաջորդը պաշպանության նախարարի հայտնի թեզն է՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Հարց է առաջանում, նախարարի այդ թեզը որևէ ատնչություն ուներ ԳՇ-ի կարծիքի հետ, թե չուներ, իրար հետ գոնե քննարկում էին մեր հնարավորությունները, թե ոչ։ Ոնց էր վարչապետի մոտ համադրվում այս երկու մոտեցումը»։- նշել է Քոչարյանը։

Ըստ նրա մենք հնչեցրել ենք պաշտպանության նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ, չեզոքացման ճանապարհը դա Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։

«Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով թշնամուդ դրդում ես Թուրքիայի հետ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցել, մենք տեսանք դրա արդյունքը»-ավելացրել է նա։

Քոչարյանը նշել է, որ կարելի է մի շարք այլ օրինակներ բերել և այս ամենը իր համադրության մեջ ստեղծել են մի վիճակ, երբ մենք Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ ինքը դիվանագիտական ճանապարհով կարող է ինչ-որ բանի հասնել, իսկ այդ դեպքում մնում է պատերազմը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել