Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ
15:42 - 04 դեկտեմբերի, 2020

Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է ԼՂ ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց բանաձև, որտեղ ընդգծվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Բանաձեւն ընդունվել է 188 կողմ և 3 դեմ ձայնով

Հայկական որոշ լրատվամիջոցներ, սակայն, տարածում են «Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախը» վերտառությամբ հրապարակումներ՝ այդպիսով խեղաթյուրելով եղելությունը: 

Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձեւի մասին երեկ հայտնել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը՝ բառացի նշելով, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց ընդունվել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։

Թե ինչու են լրատվամիջոցներն իրադարձություները ներակայցնում որպես Արցախի ճանաչում, ըստ ամենայնի, պատճառը Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունն է: 

Բանն այն է, որ գրասենյակը լուրը ներկայացրել է այնպես, թե Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչել է Արցախը։ Լրատվամիջոցներն էլ տարածել են հենց այս գրառումը։

Ավելին` լրատվամիջոցներից մի քանիսը ներկայացնում են, թե բանաձեւն ընդունվել է 191 կողմ, 3 դեմ ձայնով: Այս սխալի սկզբնաղբյուրը եւս Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունն է: Ձայների հարաբերակցությունը սկզբում նշվել էր 191 կողմ, 3 դեմ, ապա խմբագրվել արդեն ճիշտ տարբերակով: 

Բնութագրությունը հասանալի չէ

Նշենք նաեւ, որ երեկ ընդունված բանաձևում արձանագրվում էին նաեւ Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։

Այսպիսով, Ֆրանսիայի Ազգային ժողովը ոչ թե ճանաչել է Արցախը, այլ ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունն ընդգծող բանաձեւ՝ 188 կողմ և 3 դեմ ձայնով

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ՝ նոյեմբերի 25-ին, Ֆրանսիայի Սենատն ընդունել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ: Նախագիծն ընդունվել էր 305 «կողմ», 1 «դեմ» և 30 «ձեռնպահ» ձայներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել