Խաղաղապահներն անհայտ կորածների և աճյունների որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկայի օգնությամբ. Մարիա Զախարովա |1lurer.am|
18:28 - 03 դեկտեմբերի, 2020

Խաղաղապահներն անհայտ կորածների և աճյունների որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկայի օգնությամբ. Մարիա Զախարովա |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ընթացող խաղաղապահ առաքելությանը:

«Անցած շաբաթվա ընթացքում շարունակվել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը միտված  ջանքերը. հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Կայացել է ՌԴ կառավարության ղեկավար Միշուստինի ու ՀՀ վարչապետի, ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հեռախոսազրույցները: Քննարկվել են ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող հարցեր, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման հետագա քայլերն ու հոգևոր-մշակութային կոթողների պահպանմանը միտված միջոցառումները»,- հայտնել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումն ու հրադադարի ռեժիմի վերահսկումը, պայմաններ են ստեղծել փախստականների վերադարձի համար, ապահովել են քաղաքացիական ավտոտրանսպորտի տեղաշարժի, սննդամթերքի և այլ  բեռների տեղափոխման անվտանգությունը, ինչպես նաև իրականացնում են ականազերծման աշխատանքներ:

Անդրադառնալով անհայտ կորած զինծառայողների ու զոհվածների մարմինների որոնումների հարցին՝ Մարիա Զախարովան հայտնել է, որ այն շատ զգայուն թեմա է թե՛ Հայաստանում և թե՛ Ադրբեջանում:

«Այն գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ղեկավարության վերահսկողության տակ: Մեր խաղաղապահները որոնումներն  իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցներով: Լեռնային Ղարաբաղում լուծվել են մարդասիրական հիմնական խնդիրները: Այս առումով մենք սերտ շփման մեջ ենք հայկական ու ադրբեջանական համապատասխան կառույցների հետ: Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թիվը մոտենում է 30 հազարի: Օրական տեղափոխվում է հազարից 2 հազար մարդ»,- հայտնել է Մարիա Զախարովան:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել