Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական վարչապետ և արտահերթ ընտրություններին չի մասնակցելու․ Արթուր Վանեցյան |pastinfo.am|
16:49 - 03 դեկտեմբերի, 2020

Վազգեն Մանուկյանը լինելու է ապակուսակցական վարչապետ և արտահերթ ընտրություններին չի մասնակցելու․ Արթուր Վանեցյան |pastinfo.am|

pastinfo.am: Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը, անցած ճանապարհը, որն այս դժվար պահին պետք է։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վազգեն Մանուկյանը վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական պատկանելությունը, գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ և որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի։ Դա հիմնական այն պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել և առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Վերջինս նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին իրենք անպայման մասնակցելու են և ինչպես բոլոր քաղաքական ուժերը, ձգտելու են հավաքել մեծամասնության ձայները։

Հարցին՝ արդյոք Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ում այս անցումային փուլում ժողովուրդը կարող է վստահել՝ հաշվի առնելով նրա հետ կապված հակասական կարծիքները, Արթուր Վանեցյանը նշեց, որ աշխարհում անթերի մարդ չկա. «Վազգեն Մանուկյանը ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է։ Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, եղել է «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման։

Վազգեն Մանուկյանի Պաշտպանության նախարար դառնալուց հետո մեր բանակը դարձել է կանոնավոր բանակ, ունեցել ենք զինված ուժեր։ Վազգեն Մանուկյանն իր անցած ճանապարհով և ունեցած փորձով կարող է նստել բանակցային սեղանի շուրջ և լուծել Հայաստանի առջև ծառացած այն դժվարագույն խնդիրները, որոնց մեջ հայտնվել ենք»,-ասաց Արթուր Վանեցյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել