Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան
 |armtimes.com|
21:35 - 02 դեկտեմբերի, 2020

Արցախում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու նախագիծ չկա․ առայժմ չկա․ ԱԺ մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյան |armtimes.com|

armtimes.com: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում չկա օրենքի նախագիծ այն մասին, որով առաջարկվի ռուսերենն այդ երկրում հռչակել երկրորդ պետական լեզու։ Արցախի Ազգային ժողովի մամուլի եւ հանրության հետ կապերի բաժնի պետ Ռուդոլֆ Մարտիրոսյանը, սակայն, հարկ է համարում ընդգծել՝ առայժմ չկա։

Արցախում պատերազմն ակտիվորեն լուսաբանած «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը ավելի վաղ հայտնել էր, որ Արցախի Ազգային ժողովում օրենքի նախագիծ է մշակվում, որի համաձայն ռուսերենը հայերենից հետո կդառնա երկրորդ պետական լեզու։ Նման հեռանկարին այսօր անդրադարձել է նաեւ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա ասել է, որ Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսերենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու գաղափարը եւ պատրաստ է օգնել դրա հետագա տարածմանը:

Արցախի Ազգային ժողովի մամուլի պատասխանատու Ռուդոլֆ Մարտիրոսյանի հետ թեմայի շուրջ զրույցը ներակայացնում ենք ստորեւ․

- Պարոն Մարտիրոսյան, որքանով են ճիշտ այն տեղեկությունները, որ Արցախում օրենքի նախագիծ է մշակվում՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու նպատակով։

- Այդպիսի նախագիծ առայժմ չկա իմ տեղեկությամբ, բայց ես վերջնական կասեմ Ազգային ժողովի համապատասխան ստորաբաժանումներում հարցումներ անելուց հետո։ Իմ կարծիքով այդպիսի նախագիծ չկա։ Առայժմ։ Ներկա պահին։ Որովհետեւ մի շարք նախագծեր, որոնք շրջանառության մեջ էին գտնվում հանձնաժողովներում, հետ են ուղարկվել կառավարություն, որպեսզի լրամշակվեն, համապատասխանեցվեն ներկա իրողություններին, իրավիճակի պահանջներին։

- Կառավարություն վերադարձված այդ նախագծերում ռուսերենը երկրորդ պետական լեզու հռչակելու մասին նախագի՞ծ է եղել։

- Դա չի եղել։ Նախագծերը հետ են ուղարկվել մոտավորապես մեկ շաբաթ-տասը օր առաջ, երբ մեզ մոտ խորհրդակցություն է եղել խմբակցությունների ղեկավարների եւ մշտական հանձնաժողովների նախագահների կազմով, եւ որոշել են, որ նախկինում, մինչեւ պատերազմական իրավիճակը ներկայացված նախագծերը վերադարձնեն կառավարություն։

- Ասացիք ռուսերենի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն առայժմ չկա։ Դա նշանակո՞ւմ է, որ ամեն դեպքում տեղեկություն ունեք, որ որոշակի քննարկումներ, նախապատրաստական աշխատանքներ ընթանում են։

- Չէ, չէ, քննարկումներ չկան։ Երբ որ լինի նման օրենսդրական նախաձեռնություն, այդ ժամանակ կարող ենք ասել։ Օրենսդրական նախաձեռնությունը կառավարությունից է լինելու, դրա համար ստույգ ինֆորմացիա չեմ կարող տալ։

Դրանք շշուկներ են, ընդամենը խոսակցություններ են, որոնք արդեն բարձրացվել են, հասցվել լրատվամիջոցներին։ Մեկ այլ լրատվամիջոցից էլ են ինձ զանգահարել, նույն բանը հարցրել են, ասել եմ՝ այդպիսի բան չկա, որ լիներ, տեղյակ կլինեինք։

- Մեր զրույցի սկզբում «առայժմ» բառը հատուկ ընդգծեցիք, դրա համար եմ փորձում ավելի հստակեցնել։

- Առաժմ չկա, բայց ոչ ստանդարտային իրավիճակում ոչինչ չի կարելի բացառել։

- Իսկ հանրության, քաղաքական ուժերի շրջանում այդպիսի տրամադրություններ նկատո՞ւմ եք, կա՞ն նման ձգտումներ, խմորումներ։

- Իմ անձնական՝ որպես հասարակ քաղաքացու կարծիքով, այդպիսի տրամադրություններ կան, գոյություն ունեն։ Քաղաքական ուժերի մասին ստույգ չեմ կարող ասել, արտախորհրդարանական ուժերը, խորհրդարանական ուժերը իրենց դիրքորոշումները կարտահայտեն, բայց ես զուտ հանրային տրամադրությունների ու տրամադրվածությունների մասին կարող եմ ձեզ ասել։

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել