Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին |armtimes.com|
15:45 - 02 դեկտեմբերի, 2020

Դատարանը չթույլատրեց Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման․ վերջինս չէր մասնակցում նիստին |armtimes.com|

armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով դատական նիստը։

Նիստից րոպեներ առաջ դատական կարգադրիչները լրագրողներին թույլ չտվեցին բարձրանալ դահլիճ՝ հորդորելով սպասել՝ մինչ նիստը սկսվի, եւ դատավորը դիրքորոշում հայտնի լրագրողների մասնակցության վերաբերյալ։ 30 րոպե հետո միայն դատական կարգադրիչների պետ Կարեն Միլիտոնյանը տեղեկացրեց, որ Բարձրագույն դատական խորհրդի՝ վերջերս կայացրած որոշման համաձայն՝ համաճարակային իրավիճակի պատճառով դատավարության կողմ չհանդիսացող անձանց, այդ թվում՝ լրագրողների մուտքը նիստերի դահլիճ արգելված է։ Նշենք, սակայն, որ նույն որոշման առկայության պայմաններում թե՛ Կենտրոնի, թե՛ այլ նստավայրի դատավորներ լրագրողներին թույլատրել են մասնակցել նիստերին՝ հաշվի առնելով նրանց սակավաթիվ լինելը եւ հակահամաճարակային կանոնների պահպանումը, ինչն առկա էր նաեւ այսօր։

Մինչ տեխնիկական խնդիրները կկարգավորվեին պարզ դարձավ, որ դատական նիստը հետաձգվել է։ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ լրագրողների մասնակցության հարցը դատական նիստի ընթացքում առհասարակ չի քննարկվել, քանի որ նիստը, ամեն դեպքում, հետաձգվելու էր ամբաստանյալի բացակայության հիմքով։

Կարեն Խաչատրյանն այսօրվա նիստին ներկայացել էր, սակայն Գագիկ Խաչատրյանը, ինչպես նշեց պաշտպանը, չէր կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։

Գագիկ Խաչատրյանը, հիշեցնենք, մեղադրվում է անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափի յուրացման, դրա կազմակերպման, դրդման կամ օժանդակության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի, փողերի լվացման կազմակերպման, դրդման կամ օժանդակության համար, իսկ Կարեն Խաչատրյանը՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ պաշտոնեական կեղծիքի համար:

Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Լրագրողների հետ այսօրվա զրույցում պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ պետական մարմիններն այս մեկ տարվա ընթացքում արել են ամեն բան, որ Գագիկ Խաչատրյանի մոտ արձանագրվի բացասական դինամիկա։ «Այսինքն՝ այն, որ բուժման կարիք ուներ, վիրահատության կարիք ուներ, ու դա թույլ չէին տալիս, հասցրեց նրան, որ նույն դիրքում երկարաժամկետ նստելուց նույնիսկ ցավեր են առաջանում, ինչը անհնարին է դարձնում նիստին մասնակցելը»,- ասաց պաշտպանը։

Վերջինիս խոսքով՝ բացասական դինամիկան արձանագրվել է նաեւ Գագիկ Խաչատրյանի ազատ արձակվելուց հետո նշանակված բժշկական կոնսիլիումով, ինչի վերաբերյալ փաստաթուղթը իրենք այսօր ներկայացրին դատավորին՝ միաժամանակ միջնորդելով թույլատրել Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ բուժման։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը, ըստ պաշտպանի՝ անհասկանալի պատճառներով․

«Պատճառաբանությունը այն է, որ նա կարող է Հայաստանում պատշաճ բուժօգնություն ստանալ, բայց մոռանում ենք, որ երբ պետությունը առողջապահության նախարարի մակարդակով նախաձեռնել էր երկու կոնսիլիումներ ՀՀ լավագույն մասնագետների ներգրավմամբ, հենց այդ ժամանակ էր արձանագրվել, որ այդ վիրահատությունը ՀՀ-ում հնարավոր չէ իրականացնել, եւ, այսքանով հանդերձ, հիմա նշելը, թե հնարավոր է, մեղմ ասած, հիմնավոր պատճառաբանություն չէ»։

Գագիկ Խաչատրյանն այժմ տնային բուժում է ստանում։ Ըստ պաշտպանի՝ հենց բժշկական կոնսիլիումով էր արձանագրվել, որ քովիդի եւ պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը հաշվի առնելով՝ հնարավոր չէ ստացիոնար բուժում իրականացնել, հետեւաբար բուժումը, որքանով հնարավոր է, կատարում են տանը, սակայն, ըստ պաշտպանի, այն, ինչ արվում է հիմա, ընդամենը միջոց է՝ վիճակը փոքր-ինչ մեղմելու համար։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել