Գերիների ու մարմինների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում ՌԴ-ն չի տեսնում. Սերգեյ Լավրով |1lurer.am|
19:25 - 01 դեկտեմբերի, 2020

Գերիների ու մարմինների փոխանակման գործընթացի միտումնավոր ձգձգում ՌԴ-ն չի տեսնում. Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: Այսօր կայացել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը, որի արդյունքներն ամփոփել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի թեման: Ռուսական կողմը պատմել է, թե ինչ միջոցներ է ձեռնարկում ՌԴ-ը՝ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված հայտարարության դրույթների կատարման ուղղությամբ:

«Ռուս խաղաղապահների տեղակայումը իրականացվել է հայկական ու ադրբեջանական երկկողմ համաձայնությամբ: Այլ գաղափարներ չեն եղել»,- նշել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո զոհվածների մարմինների ու գերիների փոխանակմանը վերաբերող հարցին:

«Մենք հասկանում ենք, որ այդ հարցն առնչվում է թե՛ հայկական և թե՛ ադրբեջանական կողմերին: Եվ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության համաձայն՝ կողմերը դիմել են ԿԽՄԿ-ին՝ այս խնդրի՝ առավելագույնս արագ, առանց խնդիրների ու արդյունավետ լուծմանը աջակցելու համար: Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանում է այն: Ավելին, երբ մեր խաղաղապահները տեղակայվեցին Լեռնային Ղարաբաղում, գլխավոր խնդիրներից մեկը զոհվածների մարմինների ու գերիների փոխանակումն էր: Ռազմական գործողությունների ավարտի պայմաններում նման մարդկանց թիվը քիչ չէ: Մենք շահագրգռված ենք, որ այս մարդասիրական խնդիրը հնարավորինս արագ լուծվի:

Դրա համար մեր խաղաղապահները հստակ քայլեր են նախաձեռնել: Այս հարցն անդադար բարձրացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից: Անհրաժեշտ է, որպեսզի արդյունավետ փոխանակել մարմիններն ու գերիներին: Անհրաժեշտ է փաստագրում կատարել այս հարցում: Իհարկե, երկու կողմերը պետք է ունենան անհետ կորածների հստակ անունները, որպեսզի հնարավոր լինի ավելի առարկայական, ավելի հստակ զբաղվել այս հարցով: Հաշվի առնելով տեղանքի ռելիեֆն ու այն, թե ինչպես են զարգացել ռազմական գործողությունները, անմիջապես դրանց ավարտից հետո շատ դժվար է զբաղվել այդ հարցով, հատկապես այն պարագայում, երբ բացակայում են անհետ կորածների հստակ ցուցակները»,- հայտնել է Սերգեյ Լավրովը:

Լավրովը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ-ի գործունեության ակտիվացման հետ զուգահեռ, այս հարցի լուծումը կարագանա: Ըստ Լավրովի՝ այս գործընթացի միտումնավոր ձգձգում չեն տեսնում, կան պարզապես օբյեկտիվ բարդություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել