Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով Հանրային Խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին
17:38 - 01 դեկտեմբերի, 2020

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հարցով Հանրային Խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ Հանրային Խորհուրդը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին` խնդրելով անհապաղ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

Նամակում մասնավորապես ասված է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունելով այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց ղեկավարների մակարդակով խստորեն դատապարտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի գործադրումը, ցավոք, Արցախի/Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմի ագրեսիան նախաձեռնողի անունը մինչ այժմ երբեք չի հիշատակվել: Իսկ Ադրբեջանը, որն այս պատերազմի ագրեսիա հրահրողն է, որը 1990թ. ի վեր երրորդն է, շարունակում է նոր ռազմական հանցագործությունները նույնիսկ հրադադարից հետո, որն իրականացվեց Ռուսաստանի միջնորդությամբ՝ անտեսելով բոլոր միջազգային նորմերն ու պարտավորությունները:

Սույն թվականի նոյեմբերի 10-ին կայացած եռակողմ հայտարարության 8-րդ կետը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և այլ քաղաքացիական անձանց ու մահացածների փոխանակմանը: Հետևյալ հայտարարության մեջ նշված չէ հստակ ժամկետ մեր հայրենակիցների ապահով տեղափոխումն իրականացնելու համար:

Ադրբեջանը շարունակաբար խախտում է զինադադարի պահանջները, ձգձգում է ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձն ապահովելու գործընթացը՝ նրանց նկատմամբ կիրառելով ոչ մարդկային վերաբերմունք: Խնդրում ենք անհապաղ քայլեր ձեռնարկել և ճնշում գործադրել և խնդրին հրատապ լուծում տալ:

Կրակի դադարեցման ուժի մեջ մտնելուց հաշված օրեր անց ողջ աշխարհը կրկին ականատես է լինում հայ ժողովրդի և հայկական հոգևոր, պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի անհանդուրժող ռասիստական վերաբերմունքի դրսևորումներին։ Ադրբեջանական մեդիա տիրույթում շրջանառվում են Արցախի խաղաղ բնակչության հանդեպ վայրագությունների իրականացման, խաչքարերի, կրոնական հաստատությունների, հուշարձանների պղծման և դիտավորյալ ոչնչացման բազմաթիվ տեսագրություններ և լուսանկարներ:

Խստորեն դատապարտելի է Արցախի քաղաքացիների նկատմամբ ադրբեջանցի զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես հայերի էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև ադրբեջանական հասարակության կողմից դրա գովաբանումը պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է:

Ադրբեջանում տիրող հայատյացության մթնոլորտի և Արցախի տարածքում հայկական ներկայության ցանկացած հետքի իսպառ բնաջնջմանն ուղղված այս գործողությունները հանդիսանում են միջազգային իրավունքի բացահայտ խախտում, հակասում են համամարդկային արժեքներին և պետք է խստագույնս դատապարտվեն։

Անպատժելիությունն ու տեղի ունեցող պատերազմական հանցագործություները կանխելու միջազգային հանրության անկարողությունը պարարտ հող է հանդիսանում ադրբեջանական կողմի համար՝ առավել մեծ դաժանությամբ շարունակելու իր վայրագություններն Արցախի խաղաղ բնակչության, ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների նկատմամբ։

Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ կոչ ենք անում միջազգային հանրությանն իր պարտավորություններին համարժեք պատշաճորեն արձագանքել նման դեպքերին և կանխարգելել հետագա հնարավոր ոճրագործությունները: Խնդրում եմ Ձեզ ջանքեր գործադրել արցախա-ադրբեջանական պատերազմի արդյունքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց ոտնահարված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ:

ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղին առնչվող խորհրդաժողովի ժամանակ համանախագահների ընդունած մանդատը մասնավորապես նախատեսում է, «հակամարտության կողմերի հետ աշխատել վստահության ամրապնդման միջոցների մշակման ուղղությամբ, մասնավորապես հումանիտար ոլորտում` դրանք համաժամացնելով քաղաքական գործընթացների հետ»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունեցին նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարությունը, որի պայմանները պատշաճ կերպով չեն իրականացվում Ադրբեջանի կողմից, մինչդեռ հայկական կողմն սահմանած ժամկետում իր ռազմական զորքերը դուրս է բերում բոլոր տարածքներից: Եվ հայ հասարակությանը հետաքրքիր է իմանալ, թե ինչու տարածքների հետ կապված պարտավորությունը պետք է կատարվի հստակ ժամկետներում, իսկ մյուսը, որն առնչվում է կենդանի գերիների կամ մահացածների ճակատագրին, չպետք է անմիջապես իրականացվի:

Այստեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը և պատասխանատվությունը դառնում են պարտադիր հանձնառություններ՝ կա՛մ դադարեցնել բոլոր պարտավորությունների կատարումը, կա՛մ դրան նպաստել համապարփակ ձևով և ժամկետներում:
Հաշվի առնելով այս խնդրի հրատապությունը` կոչ ենք անում նախաձեռնել և ժամանակավոր այց կատարել Ադրբեջան և վերահսկել իրավիճակը սահմանային վայրերում՝ կանխելու գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց իրավունքների ոտնահարումը, ինչպես նաև՝ իրականացնել բոլոր անհրաժեշտ ջանքերը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեին աջակցելու հայ գերիների փոխանակման գործընթացի արագացման գործում:

Այս իրավիճակում Ձեր առաքելությանը համապատասխան գործելով՝ Դուք կարող եք անմեղ մարդկանց կյանքեր փրկել, քանի որ հայերի և ադրբեջանցիների խաղաղ համագոյակցությունը, ցավոք, այս պայմաններում անհնար է, քանի որ շարունակում ենք տեղեկություններ ստանալ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ։

Կոչ ենք անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ դատապարտելու Ադրբեջանում հայ ռազմագերիների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված անմարդկային գործողությունները և լրացուցիչ երաշխիքների շրջանակներում պաշտպանելու վիրավորների իրավունքները»:

Հարգանքով՝
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել