Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու․ Արման Թաթոյան |hetq.am|
16:19 - 27 նոյեմբերի, 2020

Իմ ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու․ Արման Թաթոյան |hetq.am|

hetq.am: Գերիների և անհայտ կորածների հարցերով Ադրբեջանն ակնհայտորեն արհեստական ձգձգում է պրոցեսը:

Նման համոզմունք հայտնեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում:

«Մի դեպքում նշվում է դիակների փոխանակման պրոցեսի ավարտից հետո, մի դեպքում այլ խոչընդոտներ են առաջացնում: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության մասին է խոսում, և դրան զուգահեռ շարունակվում է նրանց կողմից խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք պարունակող տեսանյութերի հրապարակումը: Սա բացարձակ դատապարտելի երևույթ է, ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելուն ուղղված դիտավորված գործողություններ են»,- ասաց Արման Թաթոյանը:

Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանի գլխավոր դատախազության այն հայտարարությանը, թե նման տեսանյութեր տարածած և խոշտանգումներ իրականացրած զինծառայողների նկատմամբ վարույթներ են հարուցվելու: Թաթոյանի համոզմամբ` այդ գործողություններն ատելության քարոզի շրջանակներում են իրականացվել, այդ ամենը կազմակերպված քաղաքականության մաս է, հետևաբար չէր կարող որևէ զինծառայող իր հայեցողության շրջանակում խոշտանգումներ իրականացնել և այդ ամենը տեսանկարահանել:

Արման Թաթոյանը հիշեցրեց, որ նման տեսանյութեր են տարածվել ոչ միայն ռազմական գործողությունների ընթացքում, այլ դրանից առաջ, և դրանք վերաբերել են նաև քաղաքացիական անձանց: Հայաստանի օմբուդսմենը հիշեցրեց, որ իր ղեկավարած կառույցը չունի որևէ մանդատ գերիների հարցով բանակցություններ վարելու, որպես ապաքաղաքական մարմին՝ բարձր հավաստիություն ունեցող տեղեկություններ են հավաքագրում և փոխանցում գործընկեր կառույցներին:

«Նպաստում ենք պրոցեսին, բայց կոնկրետ բանակցությունների կամ ժամկետների հետ կապված իրավասություն չունենք»,- ասաց նա:

Թաթոյանի խոսքով` չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատներ են ներկայացվել, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է ավելի լայն ծավալով աշխատանքներ տանել:

«Միանշանակ է, որ Կառավարությունն իր համապատասխան մարմիններով պետք է այս հարցերով զբաղվի, դա հստակ է, ուղիղ պատասխանատվությունը Կառավարությանն է: Կան աջակցող մարմիններ, օրինակ՝ ՄԻՊ-ը»,- ասաց Թաթոյանը` չցանկանալով մեկնաբանել Կառավարության գործունեությունը գերիների փոխանակման հարցում:

Գերիների թվեր Թաթոյանը չհնչեցրեց` ասելով, որ աշխատակազմն ունի իր վիճակագրությունը, որը հիմնված է նաև Քննչական կոմիտեի, փաստաբանների, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչության թվերի համադրության վրա:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել