Գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիս է տալիս, «բացահայտումներ» անում․ Նիկոլ Փաշինյան
14:03 - 27 նոյեմբերի, 2020

Գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիս է տալիս, «բացահայտումներ» անում․ Նիկոլ Փաշինյան

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է։ Իսկ դա ենթադրում է նաեւ, որ մասնավորապես Գեղարքունիքի մարզում ՀՀ ԶՈՒ-երը պետք է տեղակայվեն ՀՀ-ի պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով․ ես հիմա խոսում եմ կոնկրետ Քարվաճառի հատվածում։ Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում, այդ սահմանը որոշվում է ոչ թե աչքաչափով, այլ GPS կոորդինատներով։ Ինչպես պարզաբանվել է, Սոթքի հանքը կիսով չափ գտնվել է Խորհրդային Հայաստանում, կիսով չափ՝ Խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Ընդհանրապես, սահմանազատումը բավականին բարդ գործընթաց է, եւ ուզենք-չուզենք՝ պետք է տեղի ունենա ոչ միայն ռուս խաղաղապահների, այլեւ Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ ամեն անգամ այս աշխատանքի շուրջ հանրության շրջանում խուճապ առաջացնելն արվում է մի նպատակով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխվել Հայաստան։ ՀՀ իրավապահ մարմինները լիարժեք տիրապետում են իրավիճակին»,- նշեց Փաշինյանը։

Անդրադառնալով հարցին, որ քաղաքացիները այլևս չեն վստահում պաշտոնական տեղեկատվությանը, վարչապետն ասաց, որ դրա համար հիմնավորում է բերվում, թե իբր պատերազմի ընթացքում կառավարությունը եւ վարչապետը սխալ տեղեկություններ են փոխանցել հանրությանը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրականությունը բոլորովին այլ էԼ

«Պատերազմի մեկնարկին եւ հընթացս տեղի ունեցած իմ բոլոր ելույթներում ես գործնականում ասել եմ ամեն ինչ, ասել եմ մի փոքր այլ՝ պատերազմին հատուկ եղանակներով եւ ձեւերով, ասել եմ այնպես, որ ասվածը հակառակորդին չտա այնպիսի տեղեկություն, որ կարող է անթույլատրելի լինել կամ սպառնալ մեր ազգային անվտանգությանը։ Պաշտոնական մարմինները մի՞թե չեն ասել, որ մարտեր են ընթանում Հադրութի մերձակայքում, Մարտունու, Շուշիի եւ Քարինտակի մերձակայքում, մի՞թե չի ասվել, որ փակ է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը, չի՞ ասվել Սյունիքում ինքնապաշտպանության խմբեր ձեւավորելու մասին․ ի՞նչ էր նշանակում այդ ամենը, ուրիշ ինչպե՞ս պետք է ասվեր․․․աղիողորմ ճիչերո՞վ, փախչել-փրկվելու կոչերո՞վ, խուճապ տարածելո՞վ։ Ասվել է նաեւ մեր զինվորների, սպաների, գեներալների հերոսությունների մասին, մի՞թե դա սուտ է»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ պատերազմական գործողություններն ընթացել են Սոթքից մինչեւ Հորադիզ։

Նրա խոսքով՝ Սոթքից մինչեւ Հաթերք հատվածում, չնայած առաջին օրերին դիրքեր էին կորսվել, բայց դրանք հընթացս հետ են վերցվել, եւ մինչեւ պատերազմի վերջին օրն այդ գիծը լիարժեք կանգուն էր։ Եղնիկների հատվածում մինչեւ վերջին օրը հակառակորդն, ըստ էության, ոչ մի էական հաջողություն չի ունեցել։ Մինչեւ վերջին օրը Մատաղիսի հատվածով բնագծերը պահվել են։ 

«Այս ամենը պահածների արածն ի՞նչ է, եթե ոչ հաղթական, կանգուն իրավիճակ։ Այդ մարդիկ հերոսական կռիվ են տվել, նաեւ նրանց կյանքերը փրկելու համար եմ գնացել նոյեմբերի 9-ի որոշմանը։ Ցավոք, իններորդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։ Եվ այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է այդ ձախողման պատասխանատվությունը, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրգործ է հարուցված, մյուս դրվագով էլ հետաքննություն է ընթանում։ Իմ տիկնոջն է թիրախավորում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության մեծ մասը լքել է վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը․ այսինքն՝ Բադեն-Բադենի սանատորիա է՞ր հրթիռակոծվող Ստեփանակերտը, որ այնտեղ գտնվելը փորձ է արվում նկարագրել՝ որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ, ռմբապաստարաններում մնացած բնակիչներին հաց ու ջուր անձամբ ահսցնելը հանցագործություն է՞ր, չէի իմացել»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց, թե վարչապետի հանձնարարութամբ վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ՝ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով, այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկուքում լքում են բնակավայրերը, ահա այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ մարդիկ տեսնեն՝ վարչապետի ընտանիքի անդամն է Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է։ Նրա խոսքով՝ ոմանք Ստեփանակերտից հետ են կանչվել խուճապ տարածելու եւ աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով, եւ այս հարցերն ըստ կարգի դեռ կպարզաբանվեն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել