Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել․ թույլ չենք տալու․ Նիկոլ Փաշինյան
13:46 - 27 նոյեմբերի, 2020

Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել․ թույլ չենք տալու․ Նիկոլ Փաշինյան

Հատկապես վերջին օրերին մենք տեսնում ենք, որ ներհայաստանյան հանրահայտ խմբեր՝ ընդ որում՝ արտաքին ուժերին համընթաց, գործում են բավական երկար ժամանակ, մեր ազգային հպարտության ու արժանապատվության խոցերը դարձրել են իրենց հիմնական անելիքը։ Այս մասին այսօր տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ երեկ ոմանք խրախճանք էին նախաձեռնել այն ստահոդ լուրերի ֆոնին, թե ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին։

«Նման պահվածքը գուցե ունենա հազար ու մի բացատրություն։ Նման պահվածքի քննադատությունը գուցե ունենա հազար ու մի հակադարձում, ոմանք, գուցե ալիքի մեջ ընկնելով, ոչ մի չարամիտ բան նկատի չեն ունեցել, բայց այս ամենի խորքից մենք պիտի դուրս բերենք այդ խրախճանքը նախաձեռնողների նպատակը։ ՀՀ-ում ու դրանից դուրս կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են անիշխանության տպավորություն ստեղծել, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում անիշխանություն է, որոնք փորձում են քաոս սերմանել մեր երկրում, նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար։ Մենք սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ կառչած ենք իշխանությունից, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը»,- ընդգծեց նա։

Վարչապետը նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության ու ստորագրման հանգամանքների մասին արդեն խոսել է, չի ուզում կրկնել ասվածը, վերահաստատեց համոզմունք, որ այն իրավիճակում, որում ստորագրվել է փաստաթուղթը, այլ տարբերակ պարզապես չկար։

«Ինչպես հասանք մենք այս կետին, ինչ հանգամանքներում ու ժամկետում, որտեղի՞ց մեկնարկեց այդ կետը, ինչ զարգացում ստացավ, ինչ հանգրվան ստացավ, սրանք անպայման պատասխան ստանալու հարցեր են։ Բայց դա մանրամասն եւ տեւական աշխատանք է։ Այդ հարցերի պատասխանները դեռ կուսումնասիրվեն, կգտնվեն, բայց այսօր ունենք հրատապ հարցեր, որոնցից կարեւորագույնը ՀՀ-ում անվտանգություն եւ կայունություն ապահովելն է, եւ դրա համար անհրաժեշտ քայլերից մեկը, որքան էլ դա հաճելի չի հնչում, նոյեմբերի 9-ի համաձայնություններն իրագործելն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը ասաց, որ այդ հայտարարությունը դատափետելն իրենց քաղաքական գործունեության հիմքում դրած ուժերից շատերը չեն ասում՝ առաջարկո՞ւմ են արդյոք հրաժարվել դրանից, այնտեղ տեղ գտած պայմանավորվածություններից, եթե այո, ի՞նչ սցենար են նկարագրում եւ ինչի կբերի այդ սցենարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել