Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին
00:22 - 27 նոյեմբերի, 2020

Որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր. ԳՇ պետի առաջին տեղակալն անդրադարձավ Սոթքի միջադեպին

Ինչպես հայտնի է, ըստ պայմանավորվածության հայկական զինված ուժերը և այդ տարածքի բնակչությունը երկարաձգված ժամկետի՝ նոյեմբերի 25-ի դրությամբ պետք է դուրս եկած լիներ Քարվաճառի շրջանից, որը համաձայն ձեռք բերված համաձայնագրի պահանջների՝ իրականացվել է։ Զորքերի վերաբերյալ աշխատանքները, որոնք իրականացվել են, իրականացվել են նախապես պլանավորված բնույթով։ Այլ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, բայց ամեն դեպքում, ամեն ինչ արվել է ըստ պայմանավորվածության և ճիշտ ժամանակացույցով։

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ 

Անդրադառնալով տարածված լուրերին, թե ադրբեջանցիները անցել են հայկական տարածք, գրավել են շինություններ, աշխատակիցներից պահանջել են լքել տարածքը և այլն։ Խաչատրյանը նշեց, որ  ԳՇ կողմից կարող է ասվել, հաստատվել և հետագայում ըստ անհրաժեշտության նաև փաստվել, որ նման իրավիճակ չի եղել։

«Սահմանն անցնում է գրեթե հանքի միջով։ Ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։ Հանքը շահագործող Գեոպրոմայնինգ ընկերության կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ՝ տվյալ տարածքի պաշտպանության համար:  Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի  լուծման համար, անվտանգության ապահովման համար,  հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել»,- հավելեց Խաչատրյանը։

Վերջինս մանրամասնեց, որ ադրբեջանական զորքերը Քարվաճառ մտնելուց հետո, հանդիպելով այդ արգելափակողներին, ուղեփակոցին, խնդիր են բարձրացրել, որ դա իրենց  տարածքն է, և այն ուժերը, որոնք  տեղակայված են այդ հատվածում, պետք է դուրս գան։ Ընդ որում, աշխատանքները, որոնք իրականացվում և համակարգվում են հայկական ուժերի կողմից, ղեկավարում է տարածքում ամենաբարձր զինվորական պաշտոն ունեցող անձը՝ կորպուսի հրամանատարը։ Ադրբեջանական կողմը  բարձրախոսով կապի է  դուրս եկել հայկական կողմի  հետ՝ պահանջելով դուրս գալ այդ տարածքից։

«Մեր կողմից զգուշացվել է, թե ինչ պատկանելություն ունեն այդ անցակետերը և այլն, և մեր կողմից զգուշացվել է ռուսական կողմին, որ այդպիսի պահանջներ կան։ Կոնկրետ ռուսական կողմի և Ադրբեջանը ներկայացնող զինվորականների հետ իրականացվել է բավական երկար բանակցություններ, որից հետո չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչ զարգացումներ կլինեն։  Չեմ կարող ասել, թե ինչ պայմանավորվածություններ, քննարկումներ են եղել ռուսական և ադրբեջանական կողմերի միջև, բայց իմ ունեցած տեղեկություններով դարպասները չեն ջարդվել։ Դրանք բացվել են»,- տեղեկացրեց ԳՇ պետի առաջին տեղակալը։ 

Խաչատրյանը շեշտեց նաև, որ ադրբեջանական զորքերը երեկվանից են եկել այդ տարածաշրջան, երեկվանից են փորձել մտնել այդ տարածք։ 

«Այս պահի դրությամբ մեր զորքերը սահմանի պաշտպանությունը զբաղեցնում են՝ նախկինում գոյություն ունեցող մեր պետական սահմանի եզրագծով, որևէ տեղ մենք չունենք սահմանից հետ տեղադրված դիրքեր»,- ընդգծեց Խաչատրյանը։

Հարցին՝ արդյոք ադրբեջանցիները մտել են հանքի տարածք, ԳՇ պետի առաջին տեղակալը նշեց, որ  մտել են և երեք դիրք են տեղադրել տարածքում, որոնցից մեկը հանքի եզրագծով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել