ԼՂՀ սուբյեկտայինության ամրագրմանը հասնելու միտումն ընկած է Ֆրանսիայի քաղաքականության հիմքում․ սա ձեւական բան չէ․ Սարո Սարոյան
19:40 - 26 նոյեմբերի, 2020

ԼՂՀ սուբյեկտայինության ամրագրմանը հասնելու միտումն ընկած է Ֆրանսիայի քաղաքականության հիմքում․ սա ձեւական բան չէ․ Սարո Սարոյան

Ֆրանսիայի Հանրապետության Սենատը երեկ 305 «կողմ», 1 «դեմ» եւ 30 «ձեռնպահ» ձայներով ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձեւի նախագիծը: Սենատի նիստում Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հայտարարեց, որ Ֆրանսիայի՝ Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մի օգուտ չի բերի ո՛չ Հայաստանին ու Ղարաբաղին, եւ ո՛չ էլ Ֆրանսիային։ Հայաստանի ու Արցախի պաշտոնատար անձինք ողջունող հայտարարություններով հանդես եկան բարեկամ երկրի Սենատի՝ նման կարեւոր նախաձեռնության համար, իսկ Ադրբեջանի խորհրդարանը երկրի կառավարությանը կոչ է արել վերանայել Ֆրանսիայի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունները:

Քաղաքագետ Սարո Սարոյանի կարծիքով՝ Ֆրանսիայի քայլն այս պետության քաղաքականության դրսեւորումն է, որը ցույց է տալիս, որ նա բավարարված չէ Հարավային Կովկասում այսօր առկա իրավիճակով․

«Ֆրանսիան չի ընդունում հավասարակշռության խախտումն ու ցույց է տալիս իր քաղաքականության միտումները, ըստ որոնց՝ ԼՂՀ սուբյեկտայնությունը պետք է առավել ամրացվի,»- Infocom-ի հետ զրույցում ասաց Սարոյանը:

Ըստ նրա՝ ապագա զարգացումներն արդեն կախված են աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից, եւ քանի որ մեր տարածաշրջանը ընդհանուր մերձավորարեւելյան շրջանի հետ կապ ունի, Թուրքիայի շուրջ կատարվողն ու այդ պետության արածը պետք է ընդհանուր կոնտեքստում նայել։ 

Քաղաքագետի խոսքով՝ ակնհայտ է, որ Թուրքիայի ծավալապաշտությունը, Էրդողանի անկառավարելիությունը մտահոգում են ամբողջ աշխարհին․

«Այս տեսանկյունից զարգացումներ, իհարկե, կլինեն, միգուցե տարբեր տեղերում լինեն նաեւ թեժ իրավիճակներ: Այսօր ոչ ոք չի կարող ասել՝ Ֆրանսիան կճանաչի՞, թե՞ ոչ, բայց ԼՂՀ սուբյեկտայինության առավել ամրագրմանը հասնելու միտումն ընկած է այս պետության քաղաքականության հիմքում, եւ դա ձեւական բան չէ»,- ասաց մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ սա առաջիկա ժամանակահատվածում, ըստ էության, որոշիչ հանգամանք է եվրոպական քաղաքականության օրակարգում:

Ֆրասնիայի այս քայլն, ըստ Սարոյանի, ուղղակիորեն ավելի կապ ունի Թուրքիայի վարած քաղաքականության հետ, եւ ոչ Ադրբեջանի․ «Սա Թուրքիայի ծավալապաշտության դեմն առնելուն ուղղված ինչ-որ գործիք է: Առանձին երկրներ նույնպես այդ խնդիրն ունեն, եւ Թուրքիայի այսպիսի ծավալումը աշխարհի տարբեր կողմերում նաեւ նրանց համար է մարտահրավեր»: 

Թե Ֆրանսիայի՝ Արցախի ճանաչման դեպքում հայկական կողմի դիվանագիտական դիրքերն ինչպես կփոխվեն, Սարոյանն արձագանքեց՝ խնդիրն այն է, որ ՀՀ-ն դիվանագիտական դիրքեր չունի․

«ՀՀ-ն չունի այդպիսի դիրքեր, քանի որ որեւէ ռազմավարություն չունի, նախկինում էլ չի ունեցել: Մենք այդպես էլ չկարողացանք ձեւակերպել ԼՂՀ ճանաչման կամ Հայաստանի հետ միավորման ինչ-որ կոնցեպտ։ Երբ անգամ պատերազմը եկավ, մենք չկարողացանք դա ո՛չ ձեւակերպել, ո՛չ իրականություն դարձնել: Այնպես որ հայտարարությունների տեսքով ինչ-որ դրսեւորումներ կարող են լինել, բայց եթե դրանք ընդհանուր ինչ-որ ռազմավարության մաս չեն, ապա, ըստ էության, էֆեկտիվ արդյունքներ չեն ունենա։ Ուրիշ լուրջ արդյունքներ ակնկալել հնարավոր չէ, դա կնշանակի դեպքերի հետեւից ընթանալ, իսկ այս դեպքում դեպքերի օրակարգ թելադրողը արտաքին տարբեր ուժեր են, այդ թվում՝ նաեւ Ֆրանսիան»:

Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարությանը, ապա այն, քաղաքագետի համոզմամբ, նույնպես իրենց քաղաքականության բալանսավորման համար էր, եւ, ըստ էության, տեղ է թողնում, որ Ֆրանսիայի քաղաքականության առաջ դրված խնդիրների կատարման դեպքում իրենք, հղում անելով այդ հայտարարությանը, դադարեցնեն հետագա խորացումները՝ ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցում:

Ֆրանսիայի Սենատի նախաձեռնությունից հետո քաղաքական ու հանրային շրջանակներում չեն դադարում քննարկումները, որ Հայաստանն առաջին հերթին պետք է ճանաչի, սակայն մյուս կողմից էլ հակադարձումներ կան, որ Հայաստանի այդ քայլը ՄԽ համանախագահ մյուս երկրները՝ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն, կարող են դիտել որպես բանակցություններն այդ ձեւաչափում փակուղի տանող քայլ։ 

Սարո Սարոյանի խոսքով՝ Հայաստանն ինքը պետք է կողմնորոշվի, խաղաղարար ռազմավարություն ունենա, եւ եթե ճանաչի Արցախը, ապա կնշանակի՝ կոնկրետացել է իր քայլերի մեջ․ 

«Եւ, իհարկե, շատ լավ կլինի, որ կոնկրետանա: Այն փաստարկը, որ Հայաստանի՝ Արցախի ճանաչումը կխաթարի բանակցային գործընթացը, արդեն անհիմն է․ ի՞նչ է, հիմա բանակցային գործընթա՞ց կա։ Նախկինում եղած բանակցային գործընթացի հիմնարար սկզբունքների շատ կետեր, ըստ էության, արդեն փաստացիորեն իրականություն են դարձել, այդ թվում՝ 7 շրջանների ազատումը: Եւ կարգավիճակի խնդիրը, որ դրված էր լուծելու, դարձել է առաջնահերթորեն կարգավորվելու ենթակա հարց: Եթե մենք բանակցություններում այս խնդիրը դնենք, եւ այն ճանաչվի, նորմալ քաղաքականություն կլինի: Սա նախկինում կարող էր մեկնաբանվել այնպես, թե դրա արդյունքում բանակցություններ չեն լինի, եւ պատերազմ կլինի կամ Ադրբեջանը կվերցնի 7 շրջանները, հիմա այդ հարցերը օրակարգից դուրս են եկել։ Հիմա, ընդհակառակը, Ֆրանսիան եւ մնացած երկրները փորձ են անում վերադառնալ մինչպատերազմյան իրավիճակին, եւ սա է ավելի կարեւոր»,- ասաց Սարոյանը՝ հավելելով, որ այդ տեսանկյունից ԼՂՀ ճանաչումը կարող է բալանսավորել ընդհանուր իրավիճակը:

Իսկ ԼՂՀ ճանաչման խնդիրը, որ հիմա էլ օրակարգային է, մեր զրուցակցի պնդմամբ, վաղուց պետք է լուծած լինեինք, սակայն անգամ պատերազմը կառավարողներին չհանգեցրեց այդ քայլին: 

Զարա Խաչատրյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել