Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը
15:33 - 26 նոյեմբերի, 2020

Արա Այվազյանն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ` նրանք քննարկել են թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար, անդրադարձել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։

Արա Այվազյանը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովմանը և վերջիններիս իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։ Նա Գլխավոր քարտուղար Գուտերեշին համապարփակ տեղեկություն է տրամադրել Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ խոշտանգումների և բռնության այլ դրսևորումների վերաբերյալ։

Ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խստագույն պահպանումը, Արցախի պատմամշակութային ժառանգության նկատմամբ հարգալից վերաբերմունքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել