Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա |armenpress.am|
15:03 - 26 նոյեմբերի, 2020

Պատգամավորը իշխանության աշխատանքում չի տեսնում այն աստիճանի թերացումներ, որի համար ողջ կազմով հեռանա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ընդունում է, որ իշխանությունը որոշ ոլորտներում սխալներ, թերացումներ ունի, սակայն չի կարծում, թե դրանք այն աստիճանի են, որ իշխանությունը հիմա ողջ կազմով պետք է հեռանա: Թունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց, թե բոլոր ոլորտներում ձախողումներ են եղել:

«Մենք գտնում ենք, որ շատ սխալներ արել ենք: Բայց այդ սխալներն այս աստիճանի, այնպիսին չեն, որ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական տա»,-ասաց Թունյանը:

Նա շեշտեց, որ օրինակ չի կարելի ասել, թե տնտեսական ոլորտը ձախողվել է: «Տնտեսական ոլորտի դժվարությունները պայմանավորված են եղել կորոնավիրուսով, որից հետո նաև պատերազմական իրավիճակով: Այսինքն՝ այստեղ գործ ունենք լրիվ ֆորսմաժորային իրավիճակի հետ»,-ասաց Թունյանը:

Պատգամավորը չի ասում, թե առողջապահության կամ մնացած ոլորտներում ընդհանրապես խնդիրներ, թերացումներ չկան: «Բայց չեմ կարծում, որ այդ թերացումներն այն աստիճանի են, որ պետք է մենք հենց հիմա ամբողջ կազմով հեռանանք, ուրիշներին ասենք՝ եկեք, տեսեք, թե ինչ եք անում: Բացի դրանից կան ռիսկեր, կտրուկ ցնցումները, կտրուկ տատանումները՝ թե քաղաքական, թե պետական ինստիտուտների մեջ, կարող են էական ռիսկեր առաջացնել տնտեսության և ֆինանսական համակարգի մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթուղթը բավարար չէ՞ հրաժարականի համար՝ Թունյանը պատասխանեց. «Եթե ինձ ապացուցեք, ցույց տաք, որ եթե լիներ այլ կառավարություն, այլ արդյունքներ էինք ունենալու, և եթե ցույց տաք, որ նոյեմբերի 10-ի փաստաթուղթը պայմանավորված է կոնկրետ կառավարության սխալներով ու միայն դրանով, այլ ոչ այն հանգամանքով, որ մենք պատերազմել ենք Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ոչ այն հանգամանքով, որ մենք 25 տարի սպառազինության, բոլոր ռեսուրսներով հետ ենք մնացել, եթե օբյեկտիվորեն ցույց տաք, որ այդ իրավիճակը միայն գործող կառավարության սխալների հետևանքն է, ու եթե որոշ բաներ ուրիշ կերպ անելու դեպքում արդյունքն այլ էր լինելու, ես կհամաձայնեմ, որ դա մեր մեղքն է»,-ասաց Թունյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել