Բելգիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև են ներկայացրել
15:14 - 26 նոյեմբերի, 2020

Բելգիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին բանաձև են ներկայացրել

Երկու օր առաջ Բելգիայի ֆեդերալ խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Այս մասին հայտնում է Բելգիայի հայերի կոմիտեի կայքը:

Պատգամավորները քննարկել են մի քանի բանաձևերի առաջարկներ: Առաջին բանաձևի հեղինակը Միշել դե Մեգդն է՝ «Բարեփոխումների շարժում» կուսակցությունից (Michel De Maegd, Mouvement Réformateur), երկրորդի հեղինակը Ժորժ Դալմանն է՝ «Մարդասիրական ժողովրդավարան կենտրոն» կուսակցությունից (Georges Dallemagne, Centre démocrate humaniste), երրորդի հեղինակը` Փիթեր դե Ռուվերը՝ «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունից (Peter De Roover, Nieuw-Vlaamse Alliantie):

Առաջին բանաձևի առաջարկը ներկայացվել էր դեռևս հոկտեմբերի 14-ին: Երկրորդ բանաձևը, որը ներկայացվել էր հոկտեմբերի 27-ին, ուղղված էր աջակցելու Բելգիային և միջազգային կառույցներին ԼՂ հակամարտության գոտում զինադադար հաստատելու գործում:

Երրորդ բանաձևի առաջարկը ներկայացվել է նոյեմբերի 18-ին: Այս բանաձևով առաջարկվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ, ինչպես Պաղեստինի և Թայվանի կառավարությունների հետ: Նշենք, որ բանաձևում նշվում է ոչ թե Լեռնային Ղարաբաղ, այլ հենց Արցախի Հանրապետություն անվանումը:

Բելգիայի հայերի կոմիտեի փոխանցմամբ` բանաձևերի առաջարկների քննարկման ընթացքում նաև բանավեճ է ծավալվել, որի ժամանակ պատգամավորների մեծ մասը համաձայնել է, որ Բելգիայի դաշնային խորրհրդարանը պետք է հստակ դիրքորոշում արտահայտի այն ռազմական հանցագործությունների վերաբերյալ, որոնք կատարվել են և շարունակում են կատարվել այսօր: Այդ հանցագործություններն են բանտարկյալների խոշտանգումները և մահապատիժները, քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը, կասետային ռումբերի օգտագործումը:

Բանաձևերից մեկի հեղինակ Ժորժ Դալմանը, որը մարտական գործողությունների ընթացքում եկել էր Արցախ` տեղում ծանոթանալու իրավիճակին, քննարկման ժամանակ տեսանյութեր է ներկայացրել Արցախից: Նա ափսոսանք է հայտնել, որ խորհրդարանը նպատակահարմար չի գտել արձագանքել հակամարտության ընթացքում, այս մասին շեշտել է նաև Միշել դե Մեգդը:

Պատգամավորներն ընդգծել են այն փաստը, թե ինչ դեր է խաղում Թուրքիան այս հակամարտությունում, նաև անդրադարձել են ջիհադիստական վարձկանների տեղակայանմանը, ադրբեջանական վերհասկողության տակ եղող հայկական ժառանգությանն ուղղված սպառնալիքներին, Ադրբեջանի կառավարության ատելության խոսքին։

Պատգամավորներից շատերը կոչ են անում, որ Արցախում լինի միջազգային ներկայացվածություն, որպեսզի հարգվի զինադադարի պահպանումը և մարդիկ պաշտպանված լինեն, ինչպես նաև Բելգիայից մարդասիրական օգնություն ուղարկվի:

Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Պատգամավորներից մի քանիսը շեշտել են  ԼՂ-ի  վերջանական կարգավիճակը սահմանելու կամ այն որպես անկախ պետություն ճանաչելու անհրաժեշտության հրատապությունը:

Նոյեմբերի 30-ին Արտաքին գործերի հանձնաժողովը կրկին կքննարկի և կքվեարկի հարցը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել