COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|
12:14 - 26 նոյեմբերի, 2020

COVID-19-ի դեմ պատվաստանյութը նախնական պատվիրվել է 300 հազար բնակչի հաշվարկով. Թորոսյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին՝ նշելով, որ վերջնարդյունքում երկրների մեծ մասն ունենալու է մոտավորապես նույն արդյունքները:

«Ինչ-որ մի շրջան կար, երբ Հայաստանը 100 հազար բնակչի թվով աշխարհում ամենաբարձր վարակելիության ցուցանիշն էր ցույց տալիս, բայց հիմա որ վիճակագրությունը նայում ես, այն դառնում է փոխանցիկ: Ինչ-որ մի ժամանակ Հայաստանն է, ինչ-որ մի ժամանակ Վրաստանն է, ինչ-որ մի ժամանակ Իտալիան է, Բելգիան է, Բրազիլիան է, ԱՄՆ-ն է և այլն:

Հույս ունեմ, որ այդ առումով մեր պիկը հաղթահարել ենք: Չնայած էլի անկանխատեսելի է, չի կարելի բացառել: Այսինքն՝ քանի դեռ պատվաստանյութ չկա, այս ցուցանիշը բոլոր երկրները դրոշի նման վերցրել են կամ վերցնելու են: Շատ քիչ երկրներ կան այսօրվա դրությամբ, որ այս ցուցանիշը չեն ունեցել: Ինչ-որ մի շաբաթ կամ ամիս իրենք եղել են աշխարհում 100 հազար բնակչի թվով ամենամեծ վարակելիություն ունեցող երկիրը»,- նշեց Փաշինյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ մանրամասներ ներկայացրեց պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ:

«Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Ինչպես բազմաթիվ երկրներ, մենք պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով:

Հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա՝ ինչպես ամբողջ աշխարհի համար»,- նշեց Թորոսյանը՝ ընդգծելով, որ խոսքը վերջնական պրոդուկտի մասին է, փորձնականներ հիմա շատ երկրներ են կիրառում:

Պատվաստանյութը կլինի 300 հազար բնակչի 600 հազար դոզա: Քանակը սահմանափակված չէ, հետագայում կավելացի ըստ անհրաժեշտության: Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութի համար հստակ խմբեր են լինելու՝ քրոնիկական հիվանդություն ունեցող, տարեց մարդիկ, փակ հաստատություններում ապրողները, բուժաշխատողները և այլն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել