Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան  ում հետ պետք է կառուցի, և ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․ Նիկոլ Փաշինյան
11:45 - 26 նոյեմբերի, 2020

Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան  ում հետ պետք է կառուցի, և ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ նիստը սկսում են կառավարության նորացված կազմով, առաջիկայում սպասվում է նաև Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն:

«Մենք ապրում ենք չափազանց դժվար ժամանակներ, բայց այսօրվա մեր հրամայականը և անելիքը հետևյալն է. մենք պետք է հաղթահարենք ժամանակն ու նրա ծանրությունը: Ուզում եմ նորից ասել, որ որպես ՀՀ վարչապետ՝ ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը, բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»-, ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արտաքին և  ներքին կայունության ու անվտանգության ապահովումը և իր հրապարակած ճանապարհային քարտեզի իրականացումը բացարձակ առաջնահերթություն են, և բոլոր ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս խնդրի լուծման վրա:

«Կառավարությունն Արցախի մեր հայրենակիցներին աջակցող արդեն երկու բավականին մասշտաբային միջոցառում է ընդունել: Աջակցության միջոցառումների ընդունումը կշարունակվի այնքան, որքան անհրաժեշտ է: Առաջիկայում մեր ուշադրության կենտրոնում է լինելու նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի` պատերազմից տուժած բնակավայրերի վերականգնումը Տավուշի մարզում մեր իրականացրած ծրագրերի նմանությամբ»-, ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով` բացարձակ առաջնահերթություն են անհետ կորածների որոնողական աշխատանքները, գերիների փոխանակումը, և այս խնդիրների ուղղությամբ կառավարությունն աշխատում է ամենօրյա ռեժիմով:

«Հիմնական բարդությունն այն է, որ այս աշխատանքի արդյունավետությունը, ցավոք, կախված է ոչ միայն մեզնից: Զոհվածների ընտանիքների, հաշմանդամություն ստացած անձանց և պատերազմից տուժած այլ խմբերի և քաղաքացիների սոցիալական պաշտպանության երաշխիքների գործունեությունը և հետագա կատարելագործումը մեր հրատապ անելիքների ցանկում է»-, նշեց վարչապետը:

Վարչապետն ընդգծեծ, որ նույնիսկ այս դժվարին ժամանակներում Հայաստանում պետք է ստեղծել բարեփոխումների հետագա շարունակականության երաշխիք, իսկ բարեփոխումների ընդգրկումն ու օրակարգը պետք է ընդլայնվեն ի հայտ եկած նոր մարտահրավերների բերումով:

«Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: Ըստ այդմ, կառավարության ամենակարևոր անելիքը  ՀՀ քաղաքացիների՝ սեփական երկրի և իրավիճակի տերը լինելու զգացողության և փաստի պահպանումն է, և այս հանգամանքի ինստիտուցիոնալ հզորացումը: ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան  ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել